Միջազգային 

ԵԽ գլխավոր քարտուղարը Բաքու է մեկնում

analitik.am

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը լինելու է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յանգլանդի` մայիսի 8-ին Բաքու ծրագրած այցի օրակարգի գլխավոր թեմաներից մեկը: Այս մասին  հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

Ըստ գործակալության, Յանգլանդը Բաքվում կանդրադառնա նաև Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինաբար բերման ենթարկելու, նվաստացնելու և ճնշումներ գործադրելու փաստին:

 

Բացի այդ, անդրադարձ է կատարվելու Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմային և այդ խնդրի լուծման անհրաժեշտությանը` կապված Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը Ադրբեջանի կողմից առաջիկայում ստանձնելու հետ:

 

Լեյլա Յունուսը և նրա ամուսինը բերման են ենթարկվել` որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ` Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքին դավաճանության» հոդվածով: Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան և, իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից և նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ:

 

Այս տարվա սկզբին Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում Լեյլա Յունուսը հայտարարել էր, որ Ադրբեջանում 97 քաղաքական կալանավորներ և 38 «խղճի բանտարկյալներ» կան: Նրա խոսքով, քաղաքական դրդապատճառներով ձերբակալված 116 մարդու նկատմամբ դատարանն արդեն վճիռ է կայացրել, 12 մարդու գործերը գտնվում են դատարանում, ևս 6 մարդու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

 

Իրավապաշտպանը նշել է, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն  բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին:

 

Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը և նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:

 

Նույն շարքից