Ռուսաստանը դեռևս չի ձեռնարկի պատասխան պատժամիջոցներ Արևմուտքի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունն արդեն առաջարկել է որոշակի պատասխան քայլեր։ Ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է Պուտինը։
«Եթե նման բան շարունակվի, ապա, իհարկե, մենք ստիպված կլինենք մտածել այն մասին, թե ով և ինչպես է աշխատում Ռուսաստանում, ռուսական տնտեսության գլխավոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում»,- հայտարարել է նա՝ հույս հայտնելով, որ պատասխան քայլերի անհրաժեշտությունը չի լինի։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն ի սկզբանե կանգնած է եղել Ուկրաինայի դեպքերի ետևում։ «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, թե ով է իրականում ղեկավարել գործընթացը։ Սակայն առաջին քայլերի դեպքում ԱՄՆ-ն նախընտրում էր մնալ ստվերում»,- նշել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինը նաև նշել է, թե փաստը, որ այժմ ԱՄՆ-ն դուրս է եկել առաջատար դիրքեր Ուկրաինայում ճգնաժամը լուծելու համար, «խոսում է այն մասին, որ նա գլխավորել է այդ գործընթացը հենց սկզբում»։