Միջազգային 

Էրդողանը Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու գործընթաց կսկսի

analitik.am

Առաջիկա շաբաթներին կսկսվի Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու գործընթացը:  Հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը` ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև այլևս երբեք «սև կատու չի անցնի»:

 

Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները փչացել էին Պաղեստինի Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինվորների հարձակումից հետո, ինչի արդյունքում սպանվել էին 9 թուրք քաղաքացիներ: Հարձակումը կատարվել էր նավի անձնակազմի` իսրայելյան տեսչական կառույցի պահանջին չենթարկվելու պատճառով:

 

Հարցազրույցում Էրդողանը հայտնել է, որ Իսրայելը, իբր, ներողություն է խնդրել կատարվածի համար և փոխհատուցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև մեղմել է Գազայի շրջափակումը: Նա նշել է, որ հարաբերությունների նորմալացումը կսկվի դեսպանների վերադարձով:

 

Երկու երկրների միջև հարաբերությունները նորմալացնելու գծով բանակցությունները վերջին շրջանում ընթացել են իսրայելյան գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրելու բանակցություններին զուգահեռ: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ մոտ ժամանակում թուրքական Turcas Petrol ընկերության հետ համաձայնագիր կկնքվի իսրայելյան Leviafan հանքահորից գազի փոխադրման մասին: Ծրագրվում է տարեկան Թուրքիա փոխադրել 7 մլրդ խմ գազ: Այդ համաձայնագիրը չափազանց մեծ նշանակություն ունի` իսրայելյան գազը եվրոպական շուկա հասցնելու համար Թուրքիան կարևոր միջանցքի վերածվելու տեսակետից: Իսրայելը կարող է իր գազը Եվրոպա հասցնել անցնող Անդրադրիատիկ գազատար խողովակաշարով, որն անցնում է Թուրքիայի տարածքով:

 

Ինչպես երևում է, Արևմուտքի հետ Ռուսաստանի միջև խորացող դիմակայության իրավիճակում Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի հաստատի իր դիրքերը որպես կարևոր էներգետիկական միջանցք:

 

Նույն շարքից