Միջազգային 

Վերլուծաբանները՝ Էրդողանի ուղերձի մասին

analitik.am

Թեև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, որտեղ նա ցավակցություններ է հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին, աննախադեպ հաշտարար տոն է ունեցել, նրա այդ քայլը առավել լայն ռազմավարության մի մասն է: Բրյուսելում նման կարծիք է հայտնել Քարնեգիի ինստիտուտի հետազոտող Սինան Ուլգենը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

 

«Դա պլան էր, որը նախապատրաստել է Թուրքիայի ԱԳՆ-ն: Դա չի նախապատրաստել Էրդողանը, այն Թուրքիայի ռազմավարության մի մասն է, որի նպատակը Հայկական հարցի վերաբերյալ այդ երկրի նկատմամբ ընկալումների փոփոխությունն է: Այս քայլին կհետևեն այլ քայլեր»,-ասել է Ուլգենը:

 

Ստամբուլի քաղաքականության կենտրոնից Ջենգիզ Աքթարն էլ նշել է, որ քանի որ մոտենում են նախագահական ընտրությունները, կան որոշակի սահմաններ այն առումով, թե որքան հեռու կարող է գնալ Էրդողանը հայկական հարցում: «Եթե նկատի ունենանք նրա նախագահ դառնալու  ծրագրերը և նրա անձնական կարծիքը ցեղասպանության վերաբերյալ, ապա մեծ սահմանափակումներ գոյություն ունեն: Էրդողանը չի կարող ավելի առաջ գնալ, և դա չի ազդի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա»,-ասել է Աքթարը:

 

Վերլուծաբան Սինան Ուլգենը համարում է, որ անկախ նրանից՝ Հայաստանի հետ հարաբերությունները դրական ուղղությամբ են զարգանում, թե ոչ, Էրդողանն արդեն հասել է կարևոր դիվանագիտական հաջողության: «Հաշվի առնելով բավական դրական արձագանքը այդ հայտարարությանը երկրի ներսում և միջազգային ասպարեզում, դա օգնել է բարելավել կառավարության և վարչապետի իմիջը այն ժամանակ, երբ շատ քննադտություններ են հնչում կառավարության վարքի վերաբերյալ»,-նշել է Ուլգենը:

 

Նույն շարքից