Միջազգային 

Ադրբեջանցի մոջահեդները ցանկանում են իսլամական պետություն ստեղծել

analitik.am

Ադրբեջանցի մոջահեդների Մուհամեդ մականունով էմիրը հայտարարել է, որ իրենք Սիրիայի տարածքում իսլամական պետություն են ստեղծում և շարունակում են իրենց ջիհադը այդտեղ: Ադրբեջանցի էմիրի այդ հայտարությամբ տեսանյութը հրապարակել է APA լրատվական գործակալությունը:

 

«Ալլահը մեզ` մահմեդականներիս, հնարավորություն է շնորհել Իրաքի և Դամասկոսի հողերում իսլամական պետություն և իսլամական բանակ ստեղծել: Մեր բանակն արդեն մեծ թվով հրանոթներ, տանկեր և անգամ ինքնաթիռներ ունի: Մենք` ադրբեջանցի մոջահեդներս, ինչպես մյուս մոջահեդները, տեղավորվել ենք Ռագգա քաղաքում, որը գտնվում է «Իրաքի և Դամասկոսի իսլամական պետություն» կազմակերպության վերահսկողության տակ: Այստեղ մեզ համար ստեղծված են բոլոր հարմարությունները, մեր երեխաներին կրթելու համար մեդրեսեներ (հոգևոր դպրոցներ) են բացվել», -տեսանյութում ասում է ադրբեջանցի մոջահեդների ղեկավարը:

 

Այնուհետև «Ումեյր» մականունով մի այլ ադրբեջանցի մոջահեդ հայտարարում է, որ «Իրաքի և Դամասկոսի իսլամական պետություն» խմբավորման կազմ մտնողները չեն պատկանում խավարիջիդների (իսլամի սունի ուղղության) աղանդին: «Տգետ մուսուլմանները մեզ շփոթում են խավարիջիդների հետ և պնդում, թե Դամասկոսի հողերում ջիհադ չկա: Խավարիջիդները նրանք են, ովքեր միավորվել են իսլամի թշնամիների հետ և կռվում են մեր դեմ», - ասում է նա:

 

Տեսանյութում մոջահեդների մեջ անչափահաս երեխաներ են երևում: Նշվում է, որ նրանք Ադրբեջանի` Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող քաղաքացիների երեխաներն են:

 

Ադրբեջանի քաղաքացի «Մուհամեդ» մականունով էմիրը Սիրիայում կռվող ադրբեջանցի մոջահեդների ղեկավար է նշանակվել «Մուսաբ ալ Ազերի» մականունով նախկին ղեկավարի` սիրիական բանակի զինվորի կողմից ոչնչացվելուց հետո:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից Նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ-ի ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 80-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների` Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

 

2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) վարել Սիրիայում:

 

Նույն շարքից