Միջազգային 

Պետք է արգելափակել ֆինանսական օգնության տրամադրումը Եգիպտոսին. ամերիկացի սենատոր

analitik.am

Ամերիկացի սենատոր Պատրիկ Լիհին առաջարկել է արգելափակել հարյուր միլիոնավոր դոլարների օգնության տրամադրումը Եգիպտոսին` ի նշան մոտ 700 մարդու մահապատժի դատավճռի դեմ բողոքի: Այս մասին հայտնում է The Daily Star-ը: 

Դատապարտելով Եգիպտոսում «բռնապետական հարձակումը» և «մարդու իրավունքների բացարձակ խախտումը»` դեմոկրատ սենատորը ասել է, որ առաջարկում է հետ պահել Եգիպիտոսի համար հաստատված 650 միլիոն դոլարի ռազմական օգնությունը: 

«Ես չեմ պատրաստվում ստորագրել Եգիպտոսին լրացուցիչ օգնություն տարամադրելու թղթի տակ: Ես չեմ պատրաստվում դա անել, քանի դեռ չտեսնենք, որ կառավարությունը հավատարիմ է օրենքի գերակայությանը»,-ասել է Լիհին: 

ԱՄՆ վարչակազմը անցած շաբաթ մասնակի ապասառեցրել էր Կահիրեին հատկացված 1.5 մլրդ դոլար ռազմական օգնությունը: 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը ապրիլի 28-ին մահապատժի է դատապարտել «Մուսուլման եղբայրների» 683 անդամի, այդ թվում և շարժման հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիային, ինչպես նաև վերանայել դեռևս մարտ ամսին մահապատժի դատապարտված 529 անդամից 492-ի գործը` այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ: 

Շարժման անդամները մեղադրվում են 2013 թվականի օգոստոսին անկարգությունների ժամանակ Էլ-Մինյա նահանգի ոստիկանության սպայի սպանության և ևս երկու սպաների նկատմամբ մահափորձ իրականացնելու, հանրային սեփականության, ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու, ոստիկանությանը պատկանող զենքեր առևանգելու և հանրային կարգը խախտելու մեջ:

 

Նույն շարքից