Միջազգային 

Շվեդիայում ՀՀ դեսպանը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել

analitik.am

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը մայիսի 5-6-ն այցելել է Ուփսալա քաղաք, ուր մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել։  Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եև հասարակայնության հետ կապի վարչությունից,: Մայիսի 5-ին տեղի է  ունեցել դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ուփսալայի քաղաքային խորհրդի նախագահ Լարշ Բեքլյունդի հետ։ Քննարկվել են Ուփսալայի և Հայաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել Ուփսալայի զարգացման ծրագրերի փորձը Հայաստանում տեղայնացնելու, մշակութային, գործարար և զբոսաշրջային կապեր զարգացնելու, հայ համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին հնարավորինս աջակցելու վերաբերյալ։

 

Մայիսի 6-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպել է Ուփսալայի համալսարանի ռեկտոր Էվա Օկեսսոնին։ Զրուցակիցները քննարկել են Ուփսալայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով երկու երկրներում համալսարանների ունեցած առաջատար դիրքերը և ընդհանրությունները։ Մտքեր են փոխանակվել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակումների, նաև հայ ուսանողների կողմից Ուփսալայի համալսարանում կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ։

 

Մայիսի 5-ի երեկոյան դեսպան Ապիտոնյանը Ուփսալայի «Հայ տուն» ակումբում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-շվեդական հարաբերությունների համատեքստում` Շվեդիայի հայ համայնքի հետ գործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

Նույն շարքից