Միջազգային 

Վեց տարրեր, որոնք պետք է ԼՂ խնդրի շուրջ խաղաղության համաձայնագրի մաս կազմեն. Ջեյմս Ուորլիք

analitik.am

ԵԱՀԿ Մինսկ Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, որի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Դեսպանը նշել է, որ այս տարրերի հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասներն, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

 

«Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»,– ասել է դեսպանը:

Որպես երկրորդ կետ նա նշել է, որ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

«Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: 
Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

 

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,– ասել է ամերիկացի դեսպանը:

Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ժամանակն է, որպեսզի կողմերը հանձնառություն ստանձնեն ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին՝ հիմք ընդունելով մինչ օրս կատարած աշխատանքը: Նրա խոսքով՝ անիրատեսական է կարծել, որ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումներն ինքնին բավական են տևական խաղաղություն հաստատելու համար:

«Երբ այս բանակցությունները մեկնարկեն, կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունը, այլ նաև ձեռնարկեն երկար սպասված և հույժ անհրաժեշտ անվտանգության համար վստահության ձևավորման միջոցներ: 

Երբ մենք լծվենք խաղաղության բանակցություններին, գործնական հարցերի ավելի լայն շրջանակ կարող ենք ներկայացնել, որոնցից կշահեն բոլոր կողմերը: Կձևավորվեն տնտեսական և կոմերցիոն խթաններ. կվերականգնվեն էներգետիկ, տրանսպորտային և հեռահաղորդակցության կապերը, կլինեն ուղևորություններ ու ժողովուրդների միջև շփումներ ապահովող ծրագրեր, որոնք կսկսեն հակակշիռ ապահովել ներկայումս գերակայող վտանգավորության աստիճանի հասնող միակողմանի պատմություններին»,– ասել է նա:

 

Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահներին համախմբում է խնդրի խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու ընդհանուր նպատակը:

 

«Մենք մտադիր ենք աշխատել Մինսկի խմբի շրջանակում՝ որպես հակամարտության կարգավորման հիմանական օղակ: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով: Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել և անել այն ամենը, ինչ կարող է: Մենք նաև կոչ ենք անելու Միացյալ Նահանգներում և աշխարհի այլ երկրներում գտնվող սփյուռքի համայնքներին հանդես գալ խաղաղության հաստատման դիրքերից և օգնել վերջակետ դնելու այս հակամարտությանը: 

Իհարկե, առաջին քայլը ձեռնարկելը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների խնդիրն է: Նրանք պետք է դիտարկեն այն միջոցները, նույնիսկ միակողմանի միջոցները, որոնք ի ցույց կդնեն առաջընթացի իրենց մղումը, լարվածությունը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելավելու հանձնառությունները: Նրանք պետք է կրճատեն թշնամական հռետորաբանությունը և բնակչությանը նախապատրաստեն խաղաղության և ոչ պատերազմի»,– ասել է նա: 

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ տևական կարգավորման հարցում անբաժանելի ու ոչ պակաս կարևոր են ադրբեջանցիների ու հայերի միջև կապեր, շփումներ ապահովող ժողովրդական դիվանագիտության ջանքերը: Այս կարգի ծրագրերը կարող են օգնել երկու երկրների քաղաքացիներին պատրաստվել խաղաղությանը և հաշտվել անցյալի ցավերի հետ:

 

«Ակնկալում ենք, որ կողմերը կօժանդակեն այն անձանց և կազմակերպություններին, որոնք պատրաստ են աշխատել ժողովրդական դիվանագիտության ու մարդկանց շփումներին ուղղված ծրագրերում: Հուսով եմ, որ դուք կաշխատեք մեզ հետ տևական խաղաղության հարցն առաջ տանելու ուղղությամբ: Համանախագահների մանդատն է նպաստել բանակցություններին, սակայն մենք բոլորս պետք է աջակցենք ակտիվ քաղաքացիներին, աշխարհիկ ու կրոնական առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և բոլոր մյուսներին, ովքեր հետամուտ են այս նպատակներին: Տևական խաղաղություն կերտելիս հիմքում սոսկ թուղթը չէ, այլ վստահությունը, հավատ ընծայելը և երկու երկրների ժողովուրդների մասնակցությունը:

 

Եկեք աշխատենք միասին, որպեսզի խաղաղության պահանջարկ ձևավորենք: Եկեք պահանջատեր լինենք այն օգուտներին, որ խաղաղ կարգավորումը կբերի տարածաշրջանի բոլոր մարդկանց համար»,– ասել է Ջեյմս Ոուրլիքը:

Նույն շարքից