Չեք իմացե՞լ, որ նվիրատվություն ձևակերպեք, պետք է հարկ վճարեք, որ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողը հարկ պետք է վճարի: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողների հետ հանդիպման ժամանակ հարց բարձրացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ստանալով բացասական պատասխան:
«Այսինքն, դուք նվիրատվություն եք ձևակերպում որպեսզի հարկ չտաք, չէ՞: Մեքենա բերելն ու օտարելն արդեն բիզնես է»,-նշեց Անանյանը՝ հորդորելով ներկաներին չգոռալ:
Անանյանը հայտարարեց, որ պետք է մտածել խոսելուց առաջ, երբ ասում են, որ մեքենա են ուզում նվեր տալ ու հարկ չվճարել. «Եկեք ազնիվ լինենք իրար հետ: Եթե դուք ուզում եք մեքենա բերել, նվիրատվություն ձևակերպել, հարկ չտալ ու բոլորս աչքներս փակենք, ես պատրաստ չեմ դա անել: Ես պատրաստ չեմ աչք փակել նրա վրա, որ նվիրատվության անվան տակ հարցը ծածկեն»:
ՊԵԿ նախագահն ակցիայի մասնակիցներին բացատրեց, որ նրանք այլևս ավելացված արժեքի հարկ վճարող չեն, դարձել են եկամտային հարկ վճարող:
Անանյանն առաջարկեց քաղաքացիներին առաջարկություն անել, որոնք կքննարկեն կառավարությունում, սակայն բացառվում է, որ նվիրատվության անվան տակ ավտոմեքենաները ֆռռացնեն: