Համաուկրաինական «ազգային միասնության կլոր սեղանի» առաջին նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ մայիսի 14-ին, Գերագույն ռադայում: Այդ մասին , մայիսի 13-ին հաղորդել Է Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը հրավիրված են Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, վարչապետ Արսենի Յացենյուկը և կառավարության անդամներ, ժողովրդական պատգամավորներ, նախագահի թեկնածուներ, մարզային վարչակազմերի ղեկավարներ և մարզային խորհուրդների նախագահներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ, կրոնական կազմակերպությունների, գործարար շրջանների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:
Ուկրաինայի ընդվզած հարավ-արևելքի ներկայացուցիչների մասնակցության մասին մամուլի ծառայության հաղորդագրության մեջ չի հիշատակվում:
«Կլոր սեղաններ» անցկացնելու նախաձեռնությամբ մայիսի 8-ին հանդես են եկել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը և վարչապետ Յացենյուկը: «Մենք պատրաստ ենք զրուցել բոլոր նրանց հետ, ովքեր ունեն օրինական քաղաքական նպատակներ և պատրաստ են դրանք պաշտպանել օրինական միջոցներով, նրանց հետ, ովքեր արյուն չեն հեղել: Մենք բոլոր տարածաշրջանների բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանների ներկայացուցիչներին հրավիրում ենք երկխոսել բոլոր այն հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք այժմ ծառացած են ուկրաինական ժողովրդի առջև»,-ասված Է նրանց համատեղ ուղերձում:
Երկխոսության նպատակն ուկրաինական հասարակության արմատական խնդիրների շուրջ փոխհամաձայնության հասնելն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: