Միջազգային 

Թուրքիան պարտավոր է վճարել ՄԻԵԴ պատիժները

analitik.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) թուրք նախկին դատավոր Ռզա Թյուրմենը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է կատարել ՄԻԵԴ բոլոր, այդ թվում` բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ որոշումները: Թուրքական Bianet լրատվական կայքի հետ զրույցում անդրադառնալով 1974 թ. Կիպրոսի բռնազավթման հետ կապված Թուրքիային 90 մլն դոլար փոխհատուցելու դատապարտման ենթարկելու ՄԻԵԴ վճիռը կյանքի չկոչելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի երեկ արած հայտարարությանը` թուրքական խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Թյուրմենն ասել է, որ Թուրքիան պարտավոր է ՄԻԵԴ այդ որոշումը կատարել երեք ամսվա ընթացքում` շեշտելով, որ հակառակ դեպքում, Թուրքիային կարող են զրկել Եվրոպայի Խորհրդին անդամությունից:


Նա հիշեցրել է կիպրահույն Թիթինա Լուիզիդուի անշարժ գույքը 1974 թ. իրադարձությունների ժամանակ բռնազավթվելու դիմաց 1 միլիոն դոլար փոխհատուցելու մասին ՄԻԵԴ որոշումը, որը Թուրքիան հարկադրված է եղել կատարելու: Նման պարտադրանքը սահմանված է Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի 46-րդ հոդվածով, ինչը պարտավոր են կատարել ԵԽ անդամ բոլոր երկրները:

 

Թուրք իրավագետի խոսքով, եթե Թուրքիան չկատարի ՄԻԵԴ որոշումը, հարցը կփոխադրվի ՄԻԵԴ որոշումների համար պատասխանատու ԵԽ նախարարների կոմիտե, որն էլ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ` ընդհուպ մինչեւ ԵԽ անդամությունից հեռացումը:

 

ՄԻԵԴ փոխհատուցման վճռի առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ նշվել էր, որ «որոշումը դեմ է Կիպրոսի իրականությանը, սխալ է եւ անհետեւողական, զուրկ է իրավական հիմքից եւ գործնականում անկիրառելի է, որոշումը չի կարող ստիպել Թուրքիային հրաժարվել կիպրական խնդրի արդար եւ կայուն բանակցային գործընթացում ունեցած դիրքորոշումից»: Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Դավութօղլուն թուրքական «Հուրիեթ» թերթին հայտարարել էր, որ Թուրքիան չի կատարի մի պետության վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը, որին չի ճանաչում (նկատի ունի Կիպրոսի Հանրապետությունը):

 

Կիպրոսի Հանրապետությունն իր տարածքի մեկ երրորդ մասի 1974 թ. բռնազավթման համար Թուրքիայի դեմ փոխհատուցման հայց ՄԻԵԴ վերջին անգամ ներկայացրել էր 1994 թ. նոյեմբերի 22-ին: Այսպիսով, Թուրքիան պատմության ընթացքում առաջին անգամ կանգնել է ուրիշի տարածքը բռնազավթելու համար փոխհատուցում կատարելու փաստի առաջ: Կիպրոսի Հանրապետությունը Թուրքիայի դեմ կղզու մի մասի բռնազավթման հարցով երեք միջպետական դատական գործ էր բացել նաեւ 1974, 1975 եւ 1977 թվականներին, սակայն այդ դատական գործերն ավարտվել էին առանց փոխհատուցման վճիռների:

Նույն շարքից