Միջազգային 

Պան Կի Մունը մայիսի 13-ին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնացի հրաժարականի մասին

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մայիսի 13-ին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի հրաժարականի մասին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները,  Իբրահիմիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պան Կի Մունը նշել է, որ որոշել է ընդունել Իբրահիմիի` իր պաշտոնից հրաժարվելու խնդրանքը: Նա ափսոսանք է հայտնել նման որոշման կապակցությամբ՝ նշելով, որ դա բոլորի համար ձախողում է: Պան Կի Մունը շնորհակալություն է հայտնել Ախդար Իբրահիմիին իր կատարած աշխատանքի, ներդրած ջանքերի համար:

 

Արդեն որոշված է, որ Ախդար Իբրահիմին իր պաշտոնից կհեռանա մայիսի 31-ին: Պան Կի Մունի խոսքով, նրան փոխարինող ընտրելու համար որոշակի ժամանակ է հարկավոր:

 

Իր հերթին Ախդար Իբրահիմին ափսոսանք է հայտնել պաշտոնից հեռանալու կապակցությամբ՝ ավելացնելով, որ հնարավոր ամեն ինչ արել է սիրիական ճգնաժամի լուծման համար:

Նույն շարքից