ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը ոչինչ չի արել Ուկրաինայի վերաբերյալ ժնևյան պայմանավորվածությունները կատարելու համար: Այս կարծիքը նա հայտնել է Բրատիսլավայում՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում:
«Ռուսաստանը ոչ մի քայլ չի արել ժնևյան համաձայնությունները կատարելու համար»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«ՆԱՏՕ-ի ավելի տեսանելի ներկայություն Է անհրաժեշտ դաշինքի տարածքում»,-հավելել Է Ռասմուսենը:
Նրա խոսքով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնումն արդեն տեղի Է ունենում. Դաշինքի ուժերի վարժանքներն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ ավելի հաճախակի կլինեն: «Վարժանքները կլինեն ավելի հաճախակի, ավելի պահանջված և ավելի նկատելի»,-ընդգծել Է գլխավոր քարտուղարը:
Ռասմուսենը հավաստիացրել Է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են պոտենցիալ անդամների համար: «Մեր դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր իրենց ապագան կապում են ՆԱՏՕ-ի հետ»,-ասել Է նա:
Ռասմուսենը նշել Է, որ ռազմական այդ դաշինքին անդամակցությունը բացառապես ազգային ընտրություն Է, և այդ ընտրության վրա չի կարող ճնշում գործադրվել դրսից:
Մինչդեռ, ինչպես նախօրյակին Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը կտրականապես դեմ Է Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերին:
«Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերը խիստ բացասական կլինեն եվրոպական անվտանգության ողջ համակարգի համար, և մենք կտրականապես դեմ կլինեինք դրան»,-ընդգծել Է նա: Նախարարը հավելել Է, որ այդ հարցը վերաբերում Է ոչ միայն Ուկրաինային ու ՆԱՏՕ-ին, այլև Ռուսաստանին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: