Միջազգային 

Ստատուս-քվոն գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում. Ջեյմս Ուորլիք

analitik.am

Հարկավոր է շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը։ Ստատուս-քվոն անկայուն է և գնալով ավելի ու ավելի վտանգավոր, և ամենավատ ելքը կլինի վերսկսված հակամարտությունը։ Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հարավային Կովկաս նախատեսվող այցից առաջ ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում:

Ուորլիքը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կրկին հանդիպել մոտակա ժամանակներում և սկսել խաղաղության շուրջ բանակցությունները:

Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում իր ելույթի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Ուորլիքը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներն օկուպացված են և պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ որպես համընդհանուր կարգավորման մի տարր»: Սակայն, Ուորլիքի խոսքով, կարևոր է, որ բոլոր վեց բաղադրիչներն ընդունվեն, որպեսզի հնարավոր լինի խնդրի խաղաղ կարգավորումը։

Հիշեցնենք, որ Քարնեգի հիմնադրամում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին, նա նշել էր, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Դեսպանը նշել էր, որ այս տարրերի հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասներն, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Անդրադառնալով Twitter-ում նրա արած հաղորդագրություններից մեկին, երբ նա գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրական կողմերն Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն են՝ Ուորլիքն ասել է. «ԱՄՆ-ն ճանաչում է միայն երկու ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Կան նաև տուժած կողմեր, որոնք են Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և հակամարտության հետևանքով առաջացած փախստական և ներքին տեղահանված մարդկանց խմբերը: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր տեսակետները տևական կարգավորման հասնելու ուղղությամբ մեր աշխատանքի ընթացքում»։

Ուորլիքն իր հարցազրույցում անդրադարձել է նաև մայիսին ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից կազմակերպված «Առաջ շարժվելու ուղիներ. ինքնորոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար» խորագրով համաժողովին մասնակցելու իր մտադրություններին, որոնք Բաքվում դժգոհություններ էին առաջացրել: Ուորլիքը նշել է, որ պատրաստվում էր ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մի խումբ ուսանողների հետ՝ որպես Լոս Անջելես կատարած այցի մի մաս, սակայն տեսնելով իր ելույթի համար նրանց ընտրած վերնագիրը` անմիջապես չեղյալ է հայտարարել հանդիպումը:

Ուորլիքի խոսքով՝ նա հանդիպումը չեղյալ է հայտարարել ադրբեջանական մամուլում հայտնված քննադատություններից առաջ, և իր այդ որոշման մասին հաղորդվել է Ադրբեջանի կառավարությանը: Խորագիրը չի ներկայացնում ԱՄՆ-ի քաղաքականությունը, ասել է Ուորլիքը։

Նույն շարքից