Ադրբեջանում շարունակվում են ճնշումները քաղաքացիական հասարակության և լրագրողների նկատմամբ, ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հայտարարել է այդ կառույցում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստոֆեր Ռոբինսոնը, հայտնում է contact.az-ը:
Պաշտոնական Վաշինգտոնը կրկին Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել կատարել միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների բնագավառում, հատկապես հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը, հիշեցրել է Ռոբինսոնը:
«Մենք անցյալ շաբաթ ուշադիր լսում էինք ԵՄ-ի մտավախությունների վերաբերյալ Ադրբեջանի պատասխանները` ձերբակալությունների, հետապնդումների և քաղաքացիական ակտիվիստներին դատապարտելու կապակցությամբ: Մենք պետք է մեր հիասթափությունը հայտնենք Բաքվի մեկնաբանությունների կապակցությամբ»,- ասված է Ռոբինսոնի հայտարարությունում: Նա նաև վկայակոչել է ԵԱՀԿ մամուլի հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին, որը նշել էր, թե Ադրբեջանում լրագրողների հետապնդումը շարունակում է վատթարացնել երկրում լրատվամիջոցների ազատության վիճակը:
«Վաշինգտոնը խորապես անհանգստացած է ապրիլի 19-ին Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության կապակցությամբ, որը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության մեջ: Մենք նաև անհանգստացած ենք ապրիլի 28-ին Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի և նրա ամուսին Արիֆ Յունուսի նկատմամբ սկսված քննությունից` հայերի հետ երկխոսությունը կարգավորելու նրանց գործունեության պատճառով, որին մասնակցել էր նաև Ռաուֆ Միրկադիրովը: Նրանք բոլորը ակտիվ աջակցել էին երկխոսության գործընթացին` Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով: ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում երկխոսություն հաստատելու և հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության միջոցներ ստեղծելու ջանքեր գործադրել», - նշվում է Ռոբինսոնի հայտարարությունում:
ԱՄՆ-ն «խորապես անհանգստացած է» NIDA-ի ակտիվիստի նկատմամբ կայացրած մայիսի 6-ի դատավճռից: Երիտասարդների երկարատև ժամկետով ազատազրկումը ընկալվում է որպես քաղաքական, իսկ նրանց դեմ մեղադրանքները չեն հաստատվել դատական ապացույցներով, ասվում է Ռոբինսոնի հայտարարությունում: