IT 

ՏՏ ոլորտի կադրերի պատրաստման նպատակով կառավարությունը փոխելու է շեշտադրումը. վարչապետ

analitik.am

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանում մասնակցել է Բիզնես ինովացիոն ֆորումի բացմանը, որտեղ նշել է, որ ֆորումը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը:

«Այս հարթակը հնարավորություն կտա քննարկել նոր գաղափարներ, հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենենում աշխարհում ՏՏ ոլորտում, գտնել Հայաստանի զարգացման ուղղությունները, նպաստել, որպեսզի տարբեր բնագավառներում նորարարական տեխնոլոգիաները հնարավորին չափ արագ ներդրվեն: Մենք պետք է բացահայտենք այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս նորարարության զարգացումը և երկխոսության միջոցով կարողանանք ավելի լավ պատկերացնել մեր համատեղ անելիքները»,-ասել է նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր ՏՏ ոլորտը ՀՀ-ում ստեղծում է ՀՆԱ-ի հինգ տոկոսը. ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, այն ունի  7000 մասնագետներ, ովքեր ունեն բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ: Վարչապետի դիտարկմամբ՝ ապագայում էլ այս աշխատատեղերի շարժիչ ուժը լինելու  է մասնագիտական կարղությունների ավելացումը: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ այսպիսի նոր աշխատատեղերն են, որ ապահովելու են երկրի առաջընթացը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբում ՏՏ բնագավառում ՀՀ-ն արձանագրել է 28 տոկոսի աճ:

«Մենք պետք է երկարաժամկետ առումով հասկանանք, որ նոր աշխատատեղերը լինելու են այն ոլորտներում, որոնք առնչվում են ՏՏ-ի հետ, ինչը դնում է լրջագույն խնդիր: Առաջին հերթին, դա կադրերի պատրաստման խնդիրն է: ՏՏ-ն մեր առջև խնդիր է դնում, որպեսզի պետությունը ոլորտին տարեկան ապահովի 2000 մասնագետներ, ակնհայտ է, որ ապագայում էլ պահանջարկն ավելանալու է: Դա նշանակում է, որ բուհերում ուսանողական տեղերի պլանավորման ուղղությամբ էապես պետք է շեշտադրումները փոխենք: Իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում  պետպատվերի տեղերն էապես նվազեցնելու ենք` դրանք տեղափոխելով ՏՏ ոլորտի մասնագիտությունների ֆակուլտետներ: Պետական բյուջեի միջոցներն ուղղելու ենք ՏՏ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանը»,- տեղեկացրել է կառավարության ղեկավարը: 

Վարչապետի խոսքով՝ այսօր ՀՀ-ն հաջողություններ է արձանագրել նաև ՏՏ ոլորտի միջազգային մասնագիտացման ուղղությամբ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ կա մի սանդղակ, որտեղ ՀՀ-ն դրսևորել է իր առավելությունը. ըստ «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերության՝ չիպերի արտադրության ոլորտում մեր երկիրն ապահովում է  արտադրանքի հինգ տոկոսը: «Դա գերազանց արդյունք է, ինչը նշանակում է որ այդ ոլորտում մենք ունենք հարաբերական առավելություն, ինչը պետք է ուժեղացնենք և շեշտադրումներ կատարենք այդ ոլորտի վրա»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեջ ՏՏ տեսակարար կշռի ավելացումը հանգեցրել է նրան, որ փուլ առ փուլ աշխատանքի մասնագիտացման ոլորտում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ. աշխարհը մտել է աշխատանքի բաժանման նոր փուլ, ձևավորվոմ են միասնական տեխնոլոգիական պլատֆորմեր, որոնք էլ թելադրում են արդյունավետ ճյուղերի զարգացման հեռանկարները: «Դրանք փոխում են տնտեսական զարգացման տեսակները և շատ մասնագիտություններ այսօր դառնում են ոչ հեռանկարային, իսկ նոր մասնագիտությունները խիստ պահանջված են: Այսօր ԵՄ-ում թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է, սակայն միևնույն ժամանակ ՏՏ ոլորտում կան միլիոնավոր թափուր աշխատատեղեր: Նոր տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն կենցաղը, այլև տնտեսության հիմքերը: Ըստ առաջ քաշվող հիպոթեզի՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կավարտվի այն ժամանակ, երբ Եվրոպայում կձևավորվի տեխնոլոգիական նոր պլատֆորմ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ մրցակցությունն այսօր տեղափոխվել է ՏՏ ոլորտ, որովհետև այն մնացած բոլոր ճյուղերի համար ապահովում է արտադրողականության աճ, այն ոլորտները, որոնք հետ են մնում ՏՏ-ի ներդրումից, կորցնում են իրենց մրցակցային առավելությունները: Միևնույն ժամանակ վարչապետը նկատել է, որ ՏՏ-ի միջոցով արտադրողականության բարձրացումը բերում է աշխատատեղերի կրճատմանը:

«Ժամանակակից տնտեսական աճը չի բերում նոր աշխատետեղերի ավելացման, սա ամենահիմնարար խնդիրն է:  Տարբեր ոլորտներում ներդրվում են նոր հաստոցներ, որոնք իրականացնում են ավելի արագ և արդյունավետ աշխատանք: Նշված խնդիրը տնտեսական քաղաքականության մեջ ենթադրում է արմատական փոփոխություններ:  Այսօր կառավարությունների առջև խնդիր  է դրվում վերանայել տնտեսական աճի խնդիրը, որովհետև ՏՏ ոլորտում տեղի են ունենում հեղափոխական փոփոխություններ, որոնք ազդում են նաև տնտեսական ճյուղերի վրա»,- նշել է վարչապետը:

 Եռօրյա ֆորումին մասնակցում են բարձր տեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների շուրջ 120 ներկայացուցիչներ:

Ֆորումի ընթացքում կքննարկվեն տեխնոլոգիական լուծումներն արդյունաբերության, էներեգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և հանքարդյունաբերության համար, էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներն ու հնարավորությունները:

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կենսաթոշակային կուտակային նոր համակարգի ներդրման վերաբերյալ հարցին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այն մշակվել է շուրջ տասը տարի, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ: «Մենք հաշվի ենք առել մեր ընդդիմախոսների կարծիքները, որի արդյունքում էլ մշակվել է հայեցակարգը: Մենք ցանկանում ենք առաջ գնալ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում», - ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ ևս կային դժգոհություններ, սակայն համակարգի ներդրումից ընդամենը երկու եռամսյակ անց հասարակությունն զգաց դրա ներդրման արդյունավետությունը:

Նույն շարքից