Միջազգային 

Ռուսաստանն ու Իրանը կհամագործակցեն ցանկացած պայմաններում. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակվելու է` չնայած Իրանի շուրջ ընթացող «մրրկային  երևույթներին»: Այս մասին, ինչպես հաղորդում իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը, ՌԴ նախագահը հայտարարել է Շանհայում ընթացող «Ասիայում փոխգործողության և վստահության միջոցների գծով խորհրդակցության» գագաթաժողովի շրջանակում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ:

 

Վլադիմիր Պուտինը փաստել է, որ Ռուսաստանն ու Իրանը ոչ միայն հարևաններ են մնում, այլ նաև վաղեմի հուսալի գործընկերներ: «Մենք արդեն մի շարք խոշոր նախագծեր ենք իրագործել, մենք ունենք նաև այլ հնարավորություններ», -ընդգծել է ՌԴ առաջնորդը և նշել, որ նույնիսկ միջազգային ճգնաժամային իրավիճակներում Իրանն ու Ռուսաստանն ունեցել են մոտ դիրքորոշումներ: Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը մեծ պատասխանատվություն ունեն Կասպից ծովի տարածաշրջանում իրադրության համար:

 

Հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը բխում է տարածաշրջանի ազգերի շահերից: Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից: Դրանից կշահեն նաև տարածաշրջանի բոլոր ազգերը», -ասել է Ռոհանին:

 

Ըստ իրանական գործակալության, Շանհայի գագաթաժողովի շրջանակում ՌԴ և Իրանի նախագահներն, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև 20 մլրդ դոլարի նավթային գործարք կնքելու հարցը, համաձայն որի` Մոսկվան նավթի փոխարեն Թեհրանին կտրամադրի ժամանակակից տեխնիկա և կմատուցի այլ ծառայություններ:

 

Նույն շարքից