Ադրբեջանը Բաքվում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է նաև ԵԽԽՎ փոխնախագահին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջան չթողնելուն և կառույցի արձագանքին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մշտական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը կառույցին մեղադրել է տարածքային ամբողջականության սկզբունքն անտեսելու համար։
«Մենք հասկանում ենք, որ ԵԽԽՎ փոխնախագահի մուտքը որևէ երկիր արգելելը լավ չէ։ Սակայն չգիտես ինչու ԵԽԽՎ փոխնախագահը չի հոգում կառույցի հեղինակության համար և այցելում է գրավյալ տարածք։ Նրան հետաքրքրում է ոչ թե ԵԽԽՎ-ի հեղինակությունը, այլ հայկական լոբբին։ Մենք ԵԽԽՎ-ում պետք է գրավյալ տարածքների մասին փաստաթուղթ ընդունենք։ Մենք պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք իրականությունը։ Եվրոպայի խորհուրդն արդեն կորցնում է իր ազդեցությունը։ Տարածքային ամբողջականության սկզբունքը ԵԽ-ի գոյության հիմնական նախապայմանն է։ Եթե այսպես շարունակվի՝ ԵԽ-ն կարող է անհետանալ Եվրոպայի քաղաքական բեմից։ Պետք է անհապաղ փոփոխություններ մտցվեն, քանի որ իրավիճակը շատ ծանր է»,-ասել է նա։