Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը հայտարարել է, որ հայկական կողմը չի դիմել ՄԱԿ-ի կրթության, գիտության, մշակույթի կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ պահանջելով իրենց փոխանցել Վրաստանի տարածքում գտնվող 450 եկեղեցի, գրում է newsgeorgia.ru-ն։
«Նախ ապատեղեկատվությունը տարածեց «Вестник Кавказа»-ն՝ հղում անելով տեղացի լրագրողի։ Մենք անմիջապես արձագանքեցինք և պատասխան գրեցինք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և խնդրեցինք հրապարակել նամակը։ Սակայն նրանք մերժեցին»,- նշել է Իսախանյանը։
Հունվարի 13-ին «Вестник Кавказа»-ն գրել էր, որ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի դիմումը՝ 450 եկեղեցի թեմին «վերադարձնելու» մասին, առաջացել է եկեղեցիների պատկանելության հարցը «քաղաքականացնելու» ձգտումով։ Պարբերականը գրել էր, թե «Վիրահայոց թեմի առաջնորդի դիմումը միայն առաջին քայլն է եկեղեցիների պատկանելության մասին բաց վեճում»։
Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Հայաստանն արդեն դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
Լևոն Իսախանյանի խոսքով՝ «նման ապատեղեկատվության» տարածումը Վրաստանի և Հայաստանի ընդհանուր թշնամու ցանկությունն է։