Եվրախորհրդարանի ընտրությունները պահպանել են եվրաինտեգրացման կողմնակից խոշորագույն կուսակցությունների՝ աջ կենտրոնամետների, սոցիալիստների և լիբերալների առաջատար դիրքերը:
Եվրոպայի՝ ձայնի իրավունք ունեցող 400 մլն քաղաքացիներից ընտրատեղամասեր է եկել 43,09 տոկոսը՝ 2009 թվականի 43 տոկոսի դիմաց: Չնայած այն բանին, որ ցուցանիշը մնում է չափազանց ցածր, եվրոպամետները հաղթանակ են տոնում. ընտրություններին մասնակցությունը առաջին անգամ աճել է եվրոպական ընտրությունների ողջ պատմության ընթացքում:
Ինչպես և վկայում էին կանխատեսումները, այս ընտրությունները նշանավորվել են եվրոսկեպտիկների հաջողությամբ: Ընդ որում առավել մեծ հաջողության են հասել ոչ թե պարզապես եվրաթերահավատները, այլ եվրատյաց քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս Եվրամիությունից և եվրոյի գոտուց իրենց երկրների դուրս գալու օգտին:
«Աջից ճեղքման» խորհրդանիշ է դարձել Մարին Լե Պենի «Ազգային ճակատի» ցուցաբերած արդյունքը, որին բաժին է ընկել Ֆրանսիայի 74 մանդատներից 22-ը: Ֆրանսիացի ազգայնականների առաջնորդն այժմ հնարավորություն ունի ստեղծել ու գլխավորել Եվրախորհրդարանի ամենաաջ խմբակցությունը, բայց դրա համար անհրաժեշտ կլինի համախմբել Եվրամիության այլ երկրներից համախոհներին:
«Եվրոպան հանուն ազատության և ժողովրդավարության» խմբակցությունը, որն այժմ Եվրախորհրդարանի ամենաաջ միավորումն է, ըստ ներկայիս գնահատումների՝ կստանա 36 տեղ՝ իր ներկայացուցչությունն ավելացնելով հինգ պատգամավորով: Եվ միայն նվազ արմատական «Եվրոպայի պահպանողականների ու բարենորոգիչների աջ խմբակցությունը», որը կիսով չափ բաղկացած է բրիտանական «Պահպանողական կուսակցության» անդամներից, կարող է 57-ից կրճատվել մինչև 44 մարդ:
Ծայրահեղ աջերի հաջողությունն ավելի շուտ պայմանական է: Խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը, որի մեջ մտնում է 751 ժողովրդական ընտրյալ, կկազմեն ավանդական կուսակցությունները, և ծայրահեղ աջերը չեն կարողանա ազդել նրա որոշումների վրա: Սակայն դրանց արդյունքները կազդեն ազգային մակարդակով, որտեղ իշխող մեծամասնությանը հարկ կլինի հաշվի նստել ազգայնականների հետ: