Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մայիսի 27-ին Մոսկվայում կքննարկեն Ուկրաինայի, Սիրիայի և Հարավային Կովկասի իրադրությունը, ինչպես նաև իրանական միջուկային ծրագիրը: Այս մասին ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Մայիսի 27-ին երկու երկրների նախարարների նախագահությամբ Մոսկվայում կանցկացվի Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի չորրորդ նիստը:
«Նախարարները կքննարկեն ճգնաժամը Ուկրաինայում, իրադրությունը Մերձավոր Արևելքում, այդ թվում` Սիրիայում, իրավիճակը Հյուսիսային Աֆրիկայում: Շարունակվելու է երկխոսությունը` կապված իրանական միջուկային ծրագրի, Անդրկովկասում իրավիճակի, Կենտրոնական Ասիայում և Բալկաններում դրության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության շուրջ: Ռուսաստանն ու Թուրքիան նման համընկնող մոտեցումների են հետևում շատ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների նկատմամբ և մտադիր են հետագայում ևս կառուցողական կարծիքներ փոխանակել», -հայտնել է Լուկաշևիչը:
Նրա խոսքով, «օրակարգի համաձայնեցված կարևոր կետը հանդիսանում է Սևծովյան տարածաշրջանում երկկողմանի և բազմակողմանի համագործակցության հետագա զարգացման հարցերի ամբողջությունը, այդ թվում` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում փոխգործակցության հեռանկարները»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «դրա հետ միասին, Մոսկվան և Անկարան ելնում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների դեմ դիմակայության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից, կայուն զարգացման ապահովումից»: