Բրիտանական պարբերականները շարունակում են վերլուծել Պյոտր Պորոշենկոյի հաղթանակն Ուկրաինայի նախագահական ընտրություններում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Գլխավոր հարցը, որը տալիս են վերլուծաբանների մեծ մասը, թե ինչպես իրեն կպահի Ուկրաինայի նոր նախագահը երկրի արևելյան շրջանների հետ, որոնք շարունակում են մնալ ռուսամետ անջատողականների ձեռքում։
Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Պորոշենկոն հայտարարել էր, որ մտադիր է շարունակել երկրի հարավ-արևելքում գործող իշխանությունների սկսած հատուկ գործողությունը։
Նրա խոսքով՝ այն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ոչ թե երկու-երեք ամիս, այլ ընդամենը մի քանի օր և անգամ ժամեր։
Սակայն, ինչպես նշում է Independent-ի սյունակագիր Կիմ Սենգուպտան, որևէ շանս՝ հաջողությամբ ավարտելու հակաահաբեկչական գործունեությունն այդքան կարճ ժամկետում, Պորոշենկոն իրականում չունի։
«Ուկրաինական զինված ուժերը չունեն բավական զենքեր, որպեսզի դա անեն, իսկ բանակից շատերն արդեն հայտարարել են, որ ցանկություն չունեն մասնակցելու յուրայինների դեմ արյունալի պատերազմին, որի ընթացքում մարդկային զոհերն անխուսափելի են»,- գրում է Սենգուպտան։
Ուկրաինական բանակը գործում է վերջերս ստեղծված Ազգային գվարդիայի և պայմանագրայինների աջակցությամբ, սակայն նրանց դեռևս չի հաջողվում կոտրել լավ զինված անջատողականների դիմադրությունը, որոնցից շատերն ուկրաինական և ռուսական զինված ուժերի վետերաններ են, նշում է սյունակագիրը։
Այդ կերպ հարց է առաջանում. պատրա՞ստ է արդյոք Պորոշենկոն շարունակել մարտական գործողությունները, որոնք կարող են շարունակվել մեկ ամսից ավելի, հանգեցնել մարդկային զոհերի և տարածաշրջանի ապակայունացման։
Թե՞ ամեն դեպքում նա կսկսի բանակցություններ վարել անջատողականների հետ, որպեսզի վերջնական արդյունքում անցնի դաշնայնացման համակարգին, որը, թվում է պետականության միակ ձևն է, որպեսզի Ուկրաինան կարողանա գոյատևել որպես միասնական երկիր։
Այդ խնդրի լուծման համար Պորոշենկոն պետք է հարթի հարաբերությունները Կրեմլի հետ, որն արդեն իր պատրաստակամությունն է հայտնել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ երկխոսելու հարցում։
Ինչպես նշում է Կիմ Սենգուպտան, այժմ, երբ Ուկրաինայում հայտնվել է նոր լեգիտիմ առաջնորդ, Մոսկվան չի կարող խուսափել երկրի հարավ-արևելքում ճգնաժամը լուծելու շուրջ երկխոսությունից։
Բացի այդ, Կրեմլն այլևս հիմքեր չունի ուկրաինական իշխանություններին մեղադրելու ֆաշիստների հետ կապեր ունենալու համար, քանի որ աջ ծայրահեղական թեկնածուները, հատկապես՝ Օլեգ Տյագնիբոկն ու Դմիտրի Յարոշն ընտրությունների ընթացքում շատ քիչ ձայներ հավաքեցին։
Հիշեցնենք, որ ընտրությունները կայացել են մայիսի 25-ին և, ըստ նախնական տվյալների, հաղթել է միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն։