Աբխազիայի ընդդիմությունը՝ ի դեմ Քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի, հանդես Է գալիս Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքելու օգտին, որն «Աբխազիայի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը կհասցնի որակապես նոր մակարդակի»: Այդ մասին ասված Է խորհրդի՝ մայիսի 29-ին տարածված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված Է, որ Աբխազիան հնուց ի վեր կողմնորոշվում Է դեպի Ռուսաստանը, ի դեմս որի տեսնում Է իր իրավունքների և ազգային շահերի պահպանման միակ երաշխավորին:
«Ցանկանում ենք ընդգծել, որ, անկախ հանրապետության ներքաղաքական գործընթացներից, մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի և զարգանալու Է եղբայրության, փոխօգնության, Աբխազիայի ինքնիշխանության և պետական անկախության հարգման ոգով: Դրա հիմքը պետք Է դառնա նոր պայմանագիրը, որն Աբխազիայի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը կհասցնի որակապես նոր մակարդակի»,-ասված Է փաստաթղթում:
Մայիսի 27-ի երեկոյան ընդդիմության ներկայացուցիչները հսկողություն են հաստատել Աբխազիայի վարչակազմի շենքի նկատմամբ և հայտարարել, որ իրենց ձեռքն են վերցնում հանրապետության ժամանակավոր կառավարումը: Ընդդիմությունը պահանջում Է Անկվաբի պաշտոնաթաղությունը և իշխանության համակարգի բարեփոխումը: Այդ իրադարձություններին նախորդել Է Սուխումում կառավարական շենքերի համալիրի մոտ կայացած բազմահազարանոց հանրահավաքը:
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը նախօրյակին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիևի հետ քննարկել է հանրապետության իրադրությունը: «Ալեքսանդր Անկվաբը հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիևի հետ, քննարկվել է Աբխազիայի ներքաղաքական իրադրությունը»,- ասված է Աբխազիայի նախագահին առընթեր տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ: Բացի այդ, մայիսի լույս 29-ի գիշերը Աբխազիայի նախագահը հանդիպում է անցկացրել Աբխազիայի Անվտանգության խորհրդի անդամների հետ: