Բրիտանիայի իշխանությունները որոշել են գաղտնազերծել երկրի նախկին վարչապետ Թոնի Բլեերի և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի՝ 2003-ին Իրաք ներխուժումից ամիսներ առաջ վարած նամակագրությունը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ:
«Մենք համաձայնեցրել ենք պայմանները, որոնց համաձայն՝ անկախ խորհրդարանական հանձնաժողովը հասանելիություն կունենա տվյալ տեղեկատվությանը: Այս որոշման ընդունումն ավելի շատ ժամանակ է պահանջել, քան նախատեսվում էր՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև նամակագրության կարևորությունը», - ասվում է փաստաթղթում:
Խոսքը 25 նամակի և ավելի քան 130 հեռախոսային հաղորդագրության մասին է, որոնք Բլեերն ու Բուշը փոխանակել են պատերազմի նախաշեմին: 2011-ին Բրիտանիայի նախարարների խորհրդի քարտուղարը հրաժարվել էր տրամադրել այդ տվյալները՝ մեկնաբանելով, որ այդ քայլը վնաս կհացնի Միացյալ Թագավորության միջազգային հարաբերություններին: