Տնտեսություն 

Ավելի քանի 27 միլիոն դոլար հարկերի տեսքով. «Գալաքսի» ընկերությունների խումբն ամփոփել է տարին

analitik.am

 «Գալաքսի» ընկերությունների խմբում 2018 թվականը նշանավորվել է որպես նոր նախագծերի իրականացման, թիմերի ընդլայնման և սոցիալական պատասխանատվության, ծրագրերի կյանքի կոչման տարի։ 1999թ.-ից գործող ընկերությունների խումբը ամփոփել է 2018թ. արդյունքները դրական ցուցանիշով՝ որպես պատասխանատու բիզնես Հայաստանի Հանրապետությանը փոխանցելով ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 27 միլիոն դոլար)հարկային վճարումների տեսքով։

«Երկրի շարժիչ ուժը առողջ գործարար միջավայրն է, ու մեզ համար առանցքային նշանակություն ունի պրոֆեսիոնալիզմն ու բարձր որակական պատրաստվածությունը բոլոր այն ոլորտներում, որտեղ ներկայացված ենք։ Մեզ համար հավասարապես կարևոր է նաև սոցիալական պատասխանատվությունը մեր մասնագիտական համայնքի ու երկրի առջև, ոլորտային ինովացիաների ու սոցիալական ծրագրերի միջոցով մարդկանց կյանքի որակի բարելավումը։ Շնորհակալ եմ մեր թիմակիցներին, մեր տեղականու միջազգային գործընկերներին, մեր երկրին ու հանրությանը «Գալաքսի» ընկերությունների խմբի այս տարվա ծրագրերում առանցքային մասնակցության համար»,-նշել է «Գալաքսի կոնցեռնի» գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» խումբը միավորում է 15 ընկերություններ՝ ավելի քան 3000 աշխատակիցներով։ 2018թ. դեկտեմբերի տվյալներով ընկերությունների խմբում միջին ամսական աշխատավարձը 315,000 ՀՀ դրամ է, իսկ որոշումների կայացման պաշտոններում կանայք կազմում են 42%-ը, ինչը բացառիկ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական ու ամերիկյան խոշոր կորպորացիաների համար։ «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանում ներկայացված է ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտներում։ 

 «Այս տարի Ucom-ը հայտարարել էր թվային փոխակերպման մասին. մենք այլևս սովորական հեռահաղորդակցության օպերատոր չենք, այլ թվային ծառայություններ ստեղծող ու մատուցող ընկերություն։ Այդ առումով, 2018-ին հանդես ենք եկել մի շարք նորարարական առաջարկներով, որոնք հիմք են հանդիսանում Ucom-ի SaaS՝ ծրագիրը որպես ծառայություն մատուցելու ուղղության։ Շարունակել ենք աջակցել Արմաթ լաբորատորիաների միջոցով ինժեներական մտքի զարգացմանը նպաստող կարևորագույն նախագծերին և մրցույթներին։ Արդյունքում Հայաստանը ներկայացնող պատանի ինժեներները հնարավորություն ստացան մրցելու Մեխիկոյում 180 երկրներից ժամանած թիմերի հետ», - նշել է «Գալաքսի» խմբում հանդես եկող«Յուքոմ» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Կարծում եմ, որ 2018 թվականը իսկապես հաջողված և արդյունավետ տարի էր, քանի որ մենք ունեցանք մեր ամենակարևոր նվաճումներից մեկը՝ IUNetworks-ը դուրս եկավ միջազգային հարթակ: Ի պատիվ հայկական ՏՏ ոլորտի՝ մեր ընկերության առաջարկած նորարարական լուծումները հաղթող ճանաչվեցին Տաջիկիստանի և Ղրղզստանի պետական ծառայությունների էլեկտրոնային կառավարման անցումն ապահովող ծրագրի միջազգային մրցույթներում, ինչի համար ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր թիմին հսկայական և նվիրական աշխատանքի համար»,-ասել է «Գալաքսի» խմբում հանդես եկող «ԱյՅուՆեթվորքս» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

«2018 թվականն իհարկե լի էր մարտահրավերներով և դժվարություններով, սակայն Yerevan mall-ը կարողացավ պահպանել իր որդեգրած ուղին՝դառնալ քաղաքացիների սիրելի ժամանցային վայրերից մեկը՝ ապահովելով բարձրակարգ և էքսկլյուզիվ ծառայություններ։ Անցնող տարվա ընթացքում Yerevan mall-ը գործարկեց նաև իր նոր առևտրաժամանցային հատվածը՝ Yerevan Gallery-ն, որը տարբերվում է իր ինքնատիպ ճարտարապետությամբ և դիզայնով»,-նշել է«Գալաքսի»  խմբում հանդես եկող «Երևան մոլ» առևտրի և ժամանցի համալիրի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբն՝ ի դեմս կառավարման խորհրդի անդամների և խմբի կազմում հանդես եկող ընկերությունների, 2018-ին ևս իրականացրել են սոցիալական պատասխանատվության ծրագրեր՝ շարունակելով զինել ՀՀ և պաշտպանության բանակի շփման գիծը պաշտպանական համակարգերի տեղադրմամբ, աջակցելով ինժեներական, ծրագրավորման և ռոբոտաշինական կրթական ծրագրերին, ստեղծարար ու մշակութային մեկ տասնյակ ծրագրերի իրականացմանն առանցքային մասնակցություն ցուցաբերելով։

«Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհուրդը՝ Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի նախագահությամբ, 2019-ի համար  հայտարարում է խոշորագույն ու հանրային նշանակության ծրագրի մեկնարկի մասին, որի մանրամասները հանրային քննարկմանը կներկայացվի շուտով։

Նույն շարքից