Միջազգային 

Օբաման սկսել է եվրոպական շրջագայությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուղևորվում է Եվրոպա, որտեղ կհանդիպի Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Ինչպես լրագրողներին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմում արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բեն Ռոդսը, ԱՄՆ-ի ղեկավարը կայցելի Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:

 

Օբամայի եվրոպական շրջագայության գլխավոր նպատակը ԱՄՆ-ի դաշնակիցների հետ «անդրատլանտյան կապերի» ամրապնդումն է: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ քննարկվելու են «աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին ու կառավարությանը, ՆԱՏՕ-ի ամրապնդման և արդիականացման ջանքերը», էներգաանվտանգությունը և Եվրոպային էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացումը, ինչպես նաև անդրատլանտյան առևտրական գործընկերության շուրջ բանակցությունների ընթացքը:

 

Հունիսի 2-ին Օբաման կժամանի Վարշավա, որտեղ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ միասին հանդիպում կունենա լեհ և ամերիկացի զինվորական օդաչուների հետ, որոնք Լասկի ավիահանգրվանում մասնակցում են համատեղ պատրաստության ծրագրին: Նույն օրը ԱՄՆ-ի նախագահը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, իսկ այնուհետև կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարների հետ խորհրդակցությանը:

 

Գտնվելով Վարշավայում՝ Օբաման հունիսի 4-ի առավոտյան հանդիպում կանցկացնի Պորոշենկոյի հետ:

 

Նույն օրը ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Բրյուսել, որտեղ հանդիպում կունենա բելգիացիների թագավոր Ֆիլիպի հետ, իսկ այնուհետև կմասնակցի «յոթնյակի» գագաթնաժողովին:

 

Հունիսի 6-ին Օբաման կուղևորվի Նորմանդիա՝ մասնակցելու դաշնակիցների ափհանման 70-ամյակի կապակցությամբ կայանալիք հանդիսություններին, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հիտլերյան ֆաշիզմի դեմ պայքարած երկրների ղեկավարների համատեղ ճաշկերույթին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

 

Նույն շարքից