Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Տարվա կանխատեսվող բոլոր խնդիրները պետք է համակարգված միջգերատեսչական մակարդակով լուծվեն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հակակարկտային համակարգերի գործունեությանը, հակակարկտային ցանցերի տեղակայմանը, սերմացուի, պարարտանյութերի, ոռոգման ջրի ապահովմանը, բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարին, մթերումների և արտահանումների կազմակերպմանը: Զեկույցներով հանդես են եկել պատկան գերատեսչությունների ղեկավարները: Նշվել է, որ կառավարությունը նպատակային ծրագրեր է իրականացնելու կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, ինչպես նաև գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատասխանատուների խնդիրն է կառավարության, գյուղացու, մթերողի համար մաքսիմալ կանխատեսելի դարձնել գյուղատնտեսական տարին, որպեսզի յուրաքանչյուրն իր անելիքներն իմանա: «Տարվա կանխատեսվող բոլոր խնդիրները պետք է համակարգված միջգերատեսչական մակարդակով լուծվեն՝ սկսած ոռոգումից, հակակարկտային իրավիճակից, վերջացրած ապահովագրությամբ, մթերումների հնարավոր ծավալներից, որպեսզի կանխատեսելի դաշտով գնանք առաջ: Մենք միշտ տարվա վերջում ենք իմանում, թե ինչ է եղել և ինչու, սակայն այդ ամենը պետք է լինի տարվա սկզբից: Ջրի պահանջարկի վերաբերյալ գնահատականը երբ տարվա կամ ամսվա մեջ երեք անգամ փոխվում է՝ խնդիր է, չի կարող այդպես լինել: Պետք է տարվա սկզբից «ճանապարհային քարտեզ» ունենանք, կոնկրետ քայլերով գնանք և կանխատեսելիության ինչ-որ ցուցանիշ ապահովենք: Պարզ է, որ կանխատեսումները 100 տոկոսանոց չեն, կարող են տարբեր դեպքեր լինել, բայց դրանք պետք է ուղենիշ լինեն մեր անելիքների և գործունեության համար»,- ընդգծել է վարչապետը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա կազմված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՋՕԸ-երի հետ գյուղացիական տնտեսությունների պայմանագրերի թիվը միայն Արարատյան դաշտում ավելացել է 4500-ով, ևս 600-ով՝ հանրապետության այլ հատվածներում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ իրականացվելու են կոնկրետ գործողություններ, որպեսզի ընթացիկ տարում ջրի օգտագործման վերահսկողությունը լինի առավել արդյունավետ, ստվերում գտնվող գյուղացիական տնտեսությունները պայմանագրեր ստորագրեն ՋՕԸ-երի հետ և գան օրինական դաշտ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ոռոգման սեզոնին լավագույնս պատրաստ լինելու և ջրամատակարարումը կանոնավոր կազմակերպելու նպատակով: Վարչապետը կարևորել է նաև գյուղացիական տնտեսությունների համար իրազեկման միջոցառումների կազմակերպումը՝ հնարավոր խնդիրների և դրանց լուծման, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

 

  • 107
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    107
    Shares

Նույն շարքից