Տնտեսություն 

Նոր Հայաստան կերտելու բոլորիս ջանքերը կարող են վտանգված լինել. Թաթուլ Մանասերյան

Կոռուպցիայի դեմ պայքարն իհարկե հռչակված է, սակայն կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, կոռուպցիան նաև սխալ, կամայակական, առանց մրցույթի նշանակումներն են, առանց հետագիծ ունեցող մարդկանց պատասխանատու ոլորտներում նշանակումներն են և վերջիններիս կողմից կայացրած որոշումները, որոնք բազմաթիվ օրինախախտումներով են ուղեկցվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը նշեց, որ ինքը համբերատար կերպով սպասել է և նույնիսկ քայլ է արել համագործակցելու, չափորոշիչներ մշակելու մյուս գիտնականների հետ, որպեսզի գիտությունը հնարավորություն ունենա օբյեկտիվ ու անաչառ զարգանալու. «Այդ ամեն ինչը ոչ միայն տեղի չի ունեցել, այլ նաև կոպտորեն խախտվում և Սահմանադրությունը, և օրենքները: Ամբողջ գիտության համակարգն այսօր ողբալի վիճակում է: Եթե Հայաստանն ունի մտավոր կարողության մասով մրցակցային ներուժ ու եթե մենք այսպես ենք վերաբերվում գիտությանը, չեմ կարծում թե շոշափելի հաջողություն կունենանք: Այս միջավայրն անընդունելի է ինձ համար»:

Մանասերյանի խոսքերով, այսօր Հայաստանում չկա տեսլական, թե ուր ենք գնում, ինչն արդեն տնտեսական սպառնալիք է, և տնտեսական անվտանգությունն այսօր լուրջ խնդիր է Հայաստանի համար:

Տնտեսագետի կարծիքով, որոշումներ կայացնելուն պետք է մասնակից լինի քաղաքացիական հասարակությունը, հակառակ դեպքում նոր Հայաստան կերտելու բոլորի ջանքերը վտանգված են:

Բանախոսը չմոռացավ նաև խոսել պարգևավճարների մասին՝ հայտարարելով, որ դեմ չէ դրանց, քանի որ արժանիները պետք է խրախուսվեն, սակայն դրա համար չափորոշիչներ են պետք. «Եթե համատարած են պարգևատրում, ինձ մոտ հարց է առաջանում՝ միգուցե կան մարդիկ, ովքեր ավելիին են արժանի, կամ կան մարդիկ, ովքեր սուրճ խմողներ են»:

 

Նույն շարքից