IT 

Պլանշետի հակառակ կողմը

analitik.am

Արդեն մի քանի օր է, ինչ ուշադրության կենտրոնում է հայտնվել, այսպես ասած, հայկական պլանշետի արտադրության թեման: Մի քանի օր առաջ արտադրության մասին ավետեց կառավարությունը, սակայն այսօր ընդամենը նմուշների հետ գործ ունենք, իսկ ավելի լայն արտադրություն սպասվում է հունվարին: Այս տեղեկատվությունը գրավել է շատերի ուշադրությունը, և այն, ըստ էության, փորձ է արվում ներկայացնել որպես հայաստանյան տնտեսության մեջ բեկումնային իրադարձություն:

Իրականում, այսպես ասած, հայկական պլանշետների հավաքումը, ըստ էության, այն նվազագույնն է, որ տեղի է ունենում հայրենական ՏՏ ոլորտում, որը արդեն երկար տարիներ հայտարարված է գերակա տնտեսական ճյուղ: Ահա այս ճյուղում պլանշետների արտադրությունը, իսկ ըստ էության` իրականում հավաքումը, ոչ միայն բեկումնային կամ շրջադարձային քայլ չէ, այլ կարելի է ասել` նույնիսկ ուշացած քայլ է: Սակայն, ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք:

Անշուշտ, ոչ միայն դեմ չենք, որ Հայաստանում պլանշետներ հավաքվեն, այլ նույնիսկ ողջունում ենք այս իրադարձությունը: Սակայն ինչն է այստեղ խնդիրը: Խնդիրը պլանշետը չէ, այլ այն, թե ինչն է հայաստանյան տնտեսությունում դառնում ուշադրության արժանացող իրադարձություն: Եվ այդ ֆոնին երբ նայում ենք ուշադրությանն ու դրա կենտրոնում հայտնվող իրադարձություններին, տվյալ դեպքում իրադարձությանը, ապա տեսնում ենք, որ Հայաստանում, ըստ էության, տնտեսական բովանդակությունը, մեղմ ասած, հեռու է ժամանակի հրամայականներից ու պահանջներից:

Բանն այն է, որ բեկումնային հայաստանյան տնտեսության մեջ կարող են լինել միայն մրցակցայնության, ազատականության, օլիգոպոլ և մոնոպոլ համակարգերի չեզոքացմանը վերաբերող կոնկրետ իրադարձությունները, փոքր և միջին բիզնեսի աշխատանքների դյուրինացմանն ուղղված կոնկրետ բարեփոխումները և օրենսդրական քայլերը, որոնք անմիջապես կզգացվեն հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց համար: Երբ այս մասին կոնկրետ, առարկայական և շոշափելի տեղեկություններ ու զարգացումներ չկան, պլանշետի արտադրության մասին հայտարարությունները և բարձրագոչ ուռաներն ու աղաղակները, մեղմ ասած, զավեշտի են վերածվում:

35 տոկոս աղքատություն ունեցող, տասնյակ հազարների արտագաղթ ունեցող երկրում պետք են ոչ թե մի քանի տասնյակ աշխատատեղի հեռանկար ունեցող իրադարձություններ ու զարգացումներ, այլ զարգացումներ, որոնք կներառեն մի քանի հազարների, տասնյակ հազարների, հարյուր հազարների: Որովհետև եթե այսօր ինչ-որ մի ոլորտում հայտարարվում է մի քանի տասնյակ նոր աշխատատեղի մասին, նույն այդ ընթացքում Հայաստանում առնվազն այդքան աշխատատեղեր էլ փակվում են, կամ այդքան աշխատատեղեր էլ ամիսներով սպասում են աշխատավարձերի: Սակայն դրանց մասին ոչ մի խոսակցություն, փոխարենը` մեծ աղմուկ, ըստ էության, ոչնչից, որովհետև Հայաստանի տնտեսության առջև ծառացած խնդիրների համեմատ Հայաստանում հավաքվող պլանշետը հավասարազոր է ոչնչի՝ համենայնդեպս, դրա շուրջ ստեղծված աղմուկի կոնտեքստում:



www.1in.am

Նույն շարքից