Տնտեսություն 

Հայաստանում օդային ճանապարհով ուղևորվողների մասին նախնական տեղեկատվության փոխանակման համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. ՊԵԿ

analitik.am

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությունը 2018թ.-ին հանդես է եկել Հայաստանում օդային ճանապարհով ուղևորվող անձանց մասին նախնական տեղեկատվության փոխանակման (API/PNR) համակարգերի ներդրման նախաձեռնությամբ: Բազմակողմանիորեն ուսումնասիրվել է համակարգերի ներդրման միջազգային լավագույն փորձն ու պատրաստվել ծրագրի ներդրման նախագիծ: Աշխարհում ավելի քան 60 երկիր կիրառում են API/PNR համակարգերը:

Օդանավակայաններում մեծ ուղևորահոսքերի արդյունավետ կառավարման նպատակով Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի կողմից մշակված API (ուղևորների նախնական տեղեկատվության) և PNR (ուղևորների տվյալների գրանցման) համակարգերը թույլ են տալիս սահմանային հսկողություն իրականացնող մարմիններին նախքան ուղևորների ժամանումը նրանց մասին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ստուգման գործընթացում ռիսկերի կառավարումն առավել թիրախային դարձնելու նպատակով:

Համակարգերի ներդրումը Հայաստանում կնպաստի անվտանգության մակարդակի բարձրացմանը, ռիսկերի թիրախային գնահատմանը, օդանավակայաններում ցածր ռիսկային ուղևորների հոսքի թեթևացմանը և վերջիններիս ուղեբեռների ստուգման ժամանակահատվածի նվազեցմանը:

ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչը հունվարի 20-23-ը մասնակցել է Բրյուսելում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի API/PNR հաղորդակցության կոմիտեի 23-րդ հանդիպմանը: Քննարկվել են ծրագրի ներդրման ուղեցույցները, առաջարկվող փոփոխությունները և մարտահրավերները: ՀՀ-ում API/PNR համակարգերի ներդրման նպատակով անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր՝ նոր իրավական ակտերի ընդունման կամ արդեն իսկ գործող իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու միջոցով, մասնավորապես՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերի առումով: Ներկայում այդ նպատակի իրականացման համար աշխատանքներ են տարվում միջգերատեսչական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ:

 

Նույն շարքից