Ինչպես քաղաքական հեղափոխության ժամանակ էինք ասում, որ այն առաջնորդ չունի, հիմա՝ տնտեսական հեղափոխության ժամանակ էլ ենք նույնն ասում: Այսօր՝ փետրվարի 12-ին, խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունն իր ներդրումն անելու է, բոլոր ջանքերը գործադրելու է, պետք է յուրաքանչյուր քաղաքացի զգա իր կարևորությունը:
«Ընդհանրապես պետք է էական փոփոխություն լինի հարկեր վճարելու գործընթացի նկատմամբ վերաբերմունքում: Հայաստանում ում ուզում ես մոտենալ ու ասել, որ պետք է հարկ վճարի, պարզվում է, որ մեկը հայտնի երգիչ է, մյուսը՝ փաստաբան, մյուսը՝ մտավորական, մյուսը ՝ հայտնի երիտասարդ, մյուսը՝ հայտնի… Ում մոտենում ես ու ասում, որ պետք է հարկ վճարի, ասում է՝ ես ինչու պետք է հարկ վճարեմ, երգիչներից, փաստաբաններից ուզում եք հարկ վերցնե՞ք, էս ինչ խայտառակություն է: Որևէ մեկը չի ուզում հարկ վճարի, բայց բոլորն ուզում են, որ աշխատավարձերը, թոշակները բարձրանան, պաշտպանության մակարդակը բարձրանա, ճանապարհները լավը լինեն» ,-ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ բոլորին հրավիրում է տնտեսական հեղափոխություն անելու: