Տնտեսություն 

Մենք էլ ենք ուսանող եղել, միայն կարտոֆիլ էինք ուտում, բայց մեկ շաբաթում 50 կգ չէինք ուտում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ջավախքի հայությունը տուժում է այն փոփոխությունից, որ սահմանից որոշ ապրանքատեսակներ այսուհետ կարելի է առանց մաքսազերծելու անցկանցնել ամենաշատը 25 կգ-ի դեպքում: Այս մասին խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախկին ՀՀԿ-ական, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ ջավախքցի ուսանողը այսուհետ ստիպված է լինելու մաքսազերծել իր հետ եղած մեկ պարկ կարտոֆիլը և խնդրելով բացառություններ անել Վրաստանի հայերի համար:

Փաշինյանը նշեց, որ ինքն էլ է ուսանող եղել. «Ես էլ եմ Իջևանից կարտոֆիլ բերել և պարտադիր չէ, որ այն լիներ մեկ պարկ կամ 50 կիլոգրամ: Կարելի է այն ավելի փոքր չափաքանակներով բերել: Չնայած, որ ուսանող ժամանակ միայն կարտոֆիլ էինք ուտում, այնպես չէ, որ մի շաբաթվա մեջ ամբողջն ուտում էինք»:

Վարչապետն ասաց, որ փոփոխությունները պայմանավորված են ԵԱՏՄ-ի հետ: Բացի դրանից, Փաշինյանը նշեց, որ մինչ այդ 25 կիլոգրամի սահմանափակումը, մարդիկ ֆուռերով ապրանք էին բերում, սահմանին կանգնացնում 50-50 կիլոգրամներով ներկրում Հայաստան:

Փաշինյանը նշեց, որ հասկանում է Թորոսյանի ասածը. «Չեմ կարծում, թե դա այնպիսի մեծ պրոբլեմ է, որ ուսանողները կարող են այդքան շատ տուժել: Իմ կանխավարկածն այն է, որ պետք է վստահությամբ վերաբերվենք: Բայց ուզում եմ ասել, որ կառավարությունը հիմա որոշակի կարգավորում է մտցնելու և արձանագրելու է, որ այդ իրավունքից կարող են քաղաքացիներն ամսվա մեջ մի քանի անգամ օգտվել: Որովհետև հակառակ դեպքում կարող են 5 րոպեում 4 անգամ գնալ բերել»:

 

Նույն շարքից