Տնտեսություն 

Հարգելի կոռումպացված չինովնիկներ, մինչև մայիսի մեկը կոչ ենք անում ակտիվ լինել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրը հավանության արժանացրեց աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին նախագծին:

Կապի, տտրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը: Հետևաբար այս տարի ձեռք բերված ավտոմեքենաները չեն ներմուծվելու: Իսկ ավտոմեքենաները պետք է ներմուծվեն մինչև ապրիլի 1-ը:

Սակայն վերջին ամսաթիվը կարող է փոփոխության ենթարկվել՝ կապված քննարկման ընթացքից:

Արշակյանը նշեց, որ ապրիլի 1-ի մասով որոշումը կայացվել է ներմուծողների հետ քննարկումների արդյունքում:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն առաջարկեց ավտոմեքենաների (թվով 800 ավտոմեքենա) ներկրումը թույլատրել մինչև մայիսի մեկը: Վարչապետը և կառավարության անդամները համաձայնվեցին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքերով, որոշման մեջ խութեր կան, ամեն երկրում առք ու վաճառքը տարբեր է լինում, երկրներ կան, որտեղ այն բանավոր է արվում. «Իզուր կոռուպցիոն ռիսկեր ենք ստեղծում»:

Անանյանի խոսքերով, այսօր տեխնիկական միջոցներն այնպիսին են, որ նույնիսկ կայքերից գնումներ անելիս հնարավոր է ամսաթվերը փոխել:

«Բա ինչ ենք անելու»,-հարցրեց վարչապետը:

Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկեց թույլ տալ այն ավտոմեքենաների ներկրումը, որոնք մինչև այսինչ ամսաթիվը ներմուծվել են Հայաստան:

Նախարար Արշակյանը նշեց, որ օրինակ Ճապոնիայից ավտոմեքենան Հայաստան հասնում է 2 ամսում:

Նախագիծն ընդունվեց՝ չնայած այն բանին, որ այն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի սրտով չէր, քանի որ, նրա կարծիքով, ռիսկեր կան: Ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչև մայիսի 1-ը: Եթե մինչև մայիսի 1-ն ավտոմեքենան չներմուծվեց Հայաստան, այն այլևս նման շանս չի ունենա՝ անկախ նրանից, թե երբ է ձեռք բերվել:

Վարչապետն իր խոսքում նշեց, որ սա լավ առիթ է կոռուպմացված չինովնիկներին հայտնաբերելու համար. «Այնպես որ համարենք սա թակարդ: Ուշադրություն, հարգելի կոռումպացված չինովնիկներ, մինչև մայիսի մեկը կոչ ենք անում ակտիվ լինել»,-կատակեց վարչապետը:

Նույն շարքից