Բենզինի շուկայում որևէ մեկին որևէ բան չի պարտադրվում, ազատ շուկա է գները բարձրանում ու իջնում են շուկայական գործոնների ազդեցությամբ: Այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով բենզինի գների մասին:
«Բաց շուկա է, եթե միջազգային գները բարձրանան, ներքին շուկայում էլ կբարձրանան, եթե իջնեն, պետք է ներքին շուկայում էլ իջնեն»,-ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե ինչ կանխատեսումներ կան բենզինի գնի մասով, նախարարն ասաց, որ որևէ մեկը չի կարող ասել դա. «Եթե ինչ-որ մեկն իմանար այդ մասին, կդառնար աշխարհի ամենահարուստ մարդը: Կգնար կգներ որքան հնարավոր է շատ քանակությամբ բենզին, կսպասեր այն կտրուկ թանկանա և կվաճառեր»:
Խաչատրյանը նշեց, որ բոլոր գործարարներն էլ ռիսկի են գնում, եթե գինը բարձրանա, կշահեն, եթե իջնի, կտուժեն. «Ամենակարևորն այն է, որ գինը որոշի շուկան, իսկ գները շուկայական են: Բայց մենք կունենանք դրական զարգացումներ, վստահ եմ: Որքան շատ թվով խաղացողներ հայտնվեն շուկայում, մրցակցությունն այդքան կմեծանա ու շուկան ավելի զգայուն կլինի միջազգային շուկայի նկատմամբ: Այսինքն, սպասեք, որ շուկայում տատանողականությունը կավելանա, որովհետև եթե շուկան բացարձակ մրցակցային է, միջազգային շուկայում ցանկացած փոփոխություն գների վրա պետք է ազդի»:
Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ բենզինի շուկայում նոր խաղացողներ կհայտնվեն, քննարկումներ ընթանում են. «Որքանով ինձ հայտնի է, դրսի ներդրողներին են վերաբերում քննարկումները: