Տնտեսություն 

ՊԵԿ-ը շարունակում է ընդլայնել հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը

Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը: Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրին միանալուց հետո Հայաստանն աջակցություն է ստանալու մաքսային ծառայության կարողությունների զարգացման ոլորտում` ապահովելով Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման համաձայնագրի կիրարկումը: Միջազգային համագործակցության վարչությունը ձեռնամուխ է եղել օդային ճանապարհով մեկնող և ժամանող ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման ծրագրի ներդրմանը, ինչը ենթադրում է ռիսկերի թիրախավորում և ստուգման գործընթացների պարզեցում,-նշել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը: Համաշխարհային մաքսային կազմակերպությունը ողջունել է նաև Բեռնարկղերի հսկողության և Բացթողնման ժամկետների ուսումնասիրության վերաբերյալ Հայաստանի ներկայացրած ծրագրերը: ՀՄԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացվելու է Հայաստանում:
Հարևան երկրների հետ համագործակցության շրջանակում՝ մշակվում են նոր նախագծեր` ուղղված տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակմանը:

Հնդկաստանի հետ ևս միջկառավարական համաձայնագիր է ստորագրվելու՝ մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության վերաբերյալ: Ի դեպ, ՊԵԿ-ն առաջարկել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ ունենալ, որն արագ կարձագանքի Վերին Լարսում առաջացող խնդիրներին:

Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում 2019թ.-ին շարունակվելու է գործակցությունը մաքսային ոլորտում, ծառայությունների, էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության իրավունքի ուղղություններով:

Սուրեն Մելիք-Իսրայելյանը տեղեկացնում է, որ 2019 թ. մեկնարկելու է Հարկային տեսուչներ առանց սահմանների ծրագիրը. Ընթացիկ տարում ընդլայնելու ենք նաև միջազգային հարկային համագործակցության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են հարկային տեղեկատվության փոխանակումը, միջազգային առևտրում տրանսֆերային գնագոյացումը, հարկման բազայի քայքայմանն ու շահույթի դուրսբերմանը հակազդելու գործիքները՝ BEPS-ը, որն, ի դեպ, Հայաստանի կողմից արդեն ընդունվել է:

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքները շարունակելու է նաև հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) և Չինաստանի՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Միջազգային գործընկերների հետ ակտիվ գործակցության արդյունքում կբարձրանա են նաև ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ու հարկային մասնագիտացված կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը:

Նույն շարքից