IT 

Հայկական պլանշետը կարժենա 185 դոլար

analitik.am

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվություն է տրամադրվել՝ պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար:

 

Ինչպես տեղեկանում ենք e-gov.am կայքից, ընկերության առաջիկա գործունեության մասին՝ որոշմանը կից հավելվածում ասվում է, որ «Technology and Science Dynamics» ՍՊԸ-ն հիմնադրվել է Վահան Շաքարյանի կողմից, ով գիտությունների դոկտոր է, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սանտա-Բարբարայի համալսարանի դասախոս և MINNO պլանշետներ արտադրող ընկերության հիմնադիր գործընկերը:

 

Հավելվածում նշվում է նաև, որ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքսը» պլանավորում է ռազմավարական համագործակցություն հաստատել MINNO պլանշետների արտադրության ամերիկյան գրասենյակի հետ, որը կստանա հայաստանյան ընկերության կողմից թողարկված բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացման և առաքման գործընթացներով: Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, ԱՊՀ և ԵՄ: Գործունեության առաջին տարում նախատեսվում է ուղարկել և վաճառել 10,000 պլանշետ, իսկ 2-րդ և 3-րդ տարիներին՝ համապատասխանաբար 30,000 և 50,000 հատ:

 

Պլանշետների բաղադրամասերը ներմուծվելու են հիմնականում Չինաստանից և Հոնկոնգից և յուրաքանչյուր պլանշետի գծով կարժենան ընդհանուր առմամբ մոտ 100 ԱՄՆ դոլար: 1 պլանշետի ինքնարժեքը կկազմի 135 ԱՄՆ դոլար, և այն կվաճառվի 185 ԱՄՆ դոլար գնով: համար: Ընթացիկ հաշվարկների համաձայն յուրաքանչյուր օր հավաքվելու են 100 պլանշետներ:

 

Ընդհանուր ներդրումները գործունեության առաջին տարում կկազմեն 1.350.000 ԱՄՆ դոլար, երրորդ տարում` 6.750.000 ԱՄՆ դոլար:

 

Ընկերությունն ի սկզբանե 20 աշխատակիցներից բաղկացած կազմ է ունենալու՝ ներառելով 15 աշխատակիցներ, որոնք զբաղված են լինելու պլանշետների հավաքման աշխատանքներով, ինչպես նաև վերահսկող ինժեներ, ով պատասխանատու կլինի գործառնությունների կազմակերպման համար: Աշխատավարձը կտատանվի 350-3000 դոլարի սահմաններում:

 

Ծրագրավորողների թիմում ընդգրկված կլինեն 5 փորձառու մասնագետ: Աշխատակազմը շարունակաբար կաճի տարեկան 20-25 աշխատակիցներով. այդպիսով, գործունեության 2-րդ տարում ընկերությունը կունենա 40 աշխատակից՝ 3-րդ տարվա վերջում հասցնելով վերջիններիս քանակը 70-ի:

 

Որոշմանը կից հավելվածում ներկայացված են Minno պլանշետների բնութագրերը: Դրանք թողարկվում են երկու՝ 7.85 և 9.7 դույմ անկյունագծերով (համեմատության համար՝ Apple iPad Mini (7.9) և iPad Air (9.7) -խմբ.): Բնութագրության մեջ նշվում է սարքերը աշխատում են Android™ 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով, ունեն երկմիջուկ կամ քառամիջուկ պրոցեսորներ, 1GB-2GB DDR3 ներքին հիշողություն, 2MP դիմացի, 5MP ետևի տեսախցիկ, մարտկոցի` 5-8 ժամ աշխատանքի հնարավորություն, և այլն: Փոքր սարքը կշռում է 360 գրամ և ունի 1024 x 768 էկրանի կետայնություն, իսկ մեծը՝ համապատասխանաբար 643 գրամ և 2048x1536 կետ:

 

Նույն շարքից