Տնտեսություն 

Գրավատները և փոխանակման կետերը կարող են փակվել, եթե օրենքի նախագծում փոփոխություններ չլինեն

analitik.am

Վերջին օրերին Կառավարության շենքի դիմաց գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։ Ակցիայի մասնակիցների համար անհասկանալի է տվյալ նախագծի հիմնավորումը և պահանջում են պարզաբանում, ինչպես նաև՝ փոփոխություն նախագծում։

Գրավատան ներկայացուցիչների խոսքով, միայն 70 մլն դրամի շրջանառությունն է ապահովում գրավատան ծախսերը, իսկ  դրանից ավել, շրջանառությունն ինչքա՞ն կարող է լինել, որպեսզի ապահովի գրավատան բնականոն և շահութաբեր գործունեությունը։ Եթե նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, ապա կանգնելու ենք գրավատուն չունենալու վտանգի առջև, իսկ եթե գրավատները շարունակեն իրենց գործունեությունը, ապա կբարձրանան գրավի ընդունման տոկոսադրույքներն ու գնահատման սկզբունքը կփոխվի ուրիշ ձևաչափի՝ այսինքն, եթե մինչև այս ապրանքը գնահատվում էր իր շուկայական արժեքի որոշակի տոկոսի չափով, ապա այդ չափը կնվազի և  դրան զուգահեռ տոկոսադրույքը կավելանա, որն էլ կհանգեցնի գրավատների փակմանը:

Ինչ վերաբերում է տարադրամի փոխանակման կետերին, ապա տվյալ գործունեություն իրականացնողները կլինեն բանկերը։ Ըստ այս օրերին ակցիա իրականացնող մասնակիցների ներկայացրած տվյալների՝ գրավատների և փոխանակման կետերի պետբյուջե վճարվող պետական տուրքը տարեկան կազմում է շուրջ 900 մլն ՀՀ դրամ։ Դրանց փակվելու դեպքում բյուջե փոխանցվող այս  գումարն այլ բնագավառի ուսերին է ընկնելու՝ հիմք դնելով նոր թանկացումներին։

Ինչպես փաստում է Արժութային դիլերների նախագահ Արամայիս Խաչատրյանը, իրենք ունեն հաշվետվություններ և այն ներկայացրել են Կենտրոնական բանկ, այնտեղ պետք է հաշվեն և հասկանան, թե ունեցած ֆինանսական միջոցները բավարա՞ր են տվյալ չափի հարկը վճարելու համար․ «Թե՞ մենք գերշահույթ ունենք, որի մասին մենք էլ տեղյակ չենք»,- նշում է պարոն Խաչատրյանը։ Մեզ նաև տեղեկացրեցին, որ Կենտրոնական բանկը միայն վերլուծություններ է իրականացրել, իսկ նախագիծը մշակվել է Ֆինանսների նախարարության կողմից, իսկ թե ինչ ձևաչափով են իրականացրել վերլուծությունները պարզաբանումներ չկան։

Նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվում են փոփոխություններ, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Հեղինակ՝ Արտյոմ Առաքելյան

Նույն շարքից