Տնտեսություն 

Մենք երբեք խոչընդոտ չենք ունեցել. Վարդանյանները հերքում են, որ ինչ-որ մեկը փայ է մտել իրենց բիզնեսում

analitik.am

Այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Գրանդ հոլդինգի» կողմից կառուցված նորակառույց շենքի բացման արարողությանը։

Շենքի բնակարանները նախատեսված են բացառապես «Գրանդ հոլդինգի» աշխատակիցների համար, այն ունի 104 բնակարան, դրանք տրվում են առանց որևիցե տոկոսների, աշխատավարձերից տարեցտարի մարման պայմանով՝ 12 տարով:

Լրագրողների հետ զրույցում Միքայել Վարդյանյանը, պատասխանելով հարցին, թե կլինի արդյոք երկրորդ նման շենք, ասաց, որ ժողովրդի ցանկությունից է կախված՝ հավելելով, որ նորակառույց շենքում դեռ կան ազատ բնակարաններ:

Հարցին, թե ինչպես են Վարդանյանների ընտանիքում պատրաստվում վարչապետ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությանը, Միքայելյանը նշեց, որ իրենց տնտեսական հեղափոխությունը սկսվել է 1997 թվականից. «Այն սկսել է Հրանտ Վարդանյանը, իսկ մենք շարունակում ենք: Մենք ամեն տարի ավելի շատ հարկ ենք վճարել, մեր թվերն անընդհատ աճել են: Հրանտ Վարդանյանը հիմքը դրել է, մենք էլ շարունակում ենք»:

Միքայել Վարդանյանը հայտարարեց, որ որևէ իշխանության օրոք խոչընդոտ չեն ունեցել. «Միշտ ազատ ենք եղել, գործել ենք ի շահ մեր պետության և ժողովրդի, շարունակելու ենք նույնկերպ»:

Ինչ վերաբերում է Երևանի 2800-ամյակի այգու բացմանը, Վարդանյանը հայտնեց, որ դա կլինի մոտ մեկ ամսից։

Նույն շարքից