Տնտեսություն 

Հայ-չինական ապակենտրոնացված բազմածրագրային փոխգործակցությունը հանդիսանում է Չինաստանի կառավարության առաջնահերթություններից. Թիան Էրլուն

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-չինական առևտրատնտեսական և միջմշակութային կապերը հետհեղափոխական Հայաստանում գործնականում նորանոր բովանդակությամբ և բաղադրիչներով հարստացնելու մեծ ներուժ ունեն։ Սուրեն Պապիկյանը նաև նկատել է, որ ՀՀ մարզերի և չինական նահանգների միջև հետզհետե ամրապնդվող բարեկամական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունն են ունենում միջպետական օրակարգի ընդլայնման գործում։ Նախարարը խիստ հեռանկարային է բնութագրել սույն թվականի ապրիլի 25-ին Պեկինում անցկացվելիք «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» խորագրով նախաձեռնությունների 2-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի և Շանսի նահանգի միջև նախատեսվող համագործակցության համաձայնագրի ստորագրումը և հույսով հավելել, որ նմանօրինակ բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները շարունակական բնույթ կկրեն։

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ՀՀ ՏԿԶ նախարարությունն անկյունաքարային դեր և նշանակություն ունի հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման առանցքում։ Դեսպանի խոսքով, միջտարածաշրջանային մակարդակում հայ-չինական ապակենտրոնացված բազմածրագրային փոխգործակցությունը հանդիսանում է Չինաստանի կառավարության առաջնահերթություններից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև վարչատարածքային համագործակցության խորացմանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը, չինական կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։

 

Նույն շարքից