Գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջեւ: Նրանք պահանջում են փոփոխել նախագծում նշված պետական տուրք վճարվելու համար սահմանված չափը։
Analitik.am-ը զրուցեց ակցիայի մասնակիցների հետ, ովքեր ասացին, որ իրենց պահանջը նույնն է և հստակ՝ պահանջում են պարզաբանում։ «Եթե հարկերի բարձրացում են անում, ապա թող անեն հավասարության սկզբունքներով, ինչպես մնացած կազմակերպությունները։ Մենք չենք պատկերացնում՝ այդ ինչ հաշվարկներով են այդքան բարձրացում այն դեպքում, երբ վերջին երկու տարում փակվում են, այլ ոչ թե ավելանում»,- նշում են նրանք։ Մասնակիցներից մեկը հիշեց նաև ստուգումների ժամանակ նկատվող թույլ վրիպումների արդյունքում բավականին հարկեր վճարելու մասին։ Նրանց խոսքերով, միակ հիմնավորումն այն է, որ 20 տարի է չեն բարձրացվել հարկերը։
Գրավատան հիմնադիր տնօրեն Աշոտ Պողոսյանը նշեց․ «Նախնական քննարկումներ չեն եղել գրավատների հետ, մենք ունեցանք հանդիպում ԱԺ-ի տնտեսական հանձնաժողովի անդամների հետ, սակայն այնտեղ ներկա չէին նախագծի կողմնակիցները, հանդիպեցինք վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի և Ֆինանսների նախարարության ներկայացուցչի հետ, նրանք մարտական են տրամադրված: Այնպիսի տպավորություն է, որ մեզ ժամանակ են տալիս հաշտվենք փակման հետ: Այն պատասխանը, որ մեզ են տալիս, կուզեի իմանալ, որ եթե Վարչապետին էլ ասեին՝ դե ուղղակի բարձրացնում ենք, ինչպե՞ս էր ընդունելու»:
Նրա խոսքերով, իրենք ուրիշ ելք չունեն, մնացել է միայն հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների, 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:
Արտյոմ Խաչատրյան