Միջազգային 

Թուրքիան այլևս հեղաշրջումներ թույլ չի տա երկրում. Էրդողան

Թուրքիայում այլևս երբեք հեղաշրջումներ չեն լինի, և թուրք ժողովուրդը խստորեն կպատժի խռովությունների կողմնակիցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

 

Էրդողանը նշել է, որ թուրքական կառավարությունը երկիրը փրկել է սիրիական և եգիպտական իրադարձությունների կրկնվելուց:

 

«Արտասահմանում գտնվող ուժերը, այդ թվում` նաև Փենսիլվանիայում գտնվող մարդը (նկատի ունի Ֆեթուլլահ Գյուլենին) թուրքական ընդդիմությունն օգտագործել են սեփական նպատակների համար»,- ասել է Էրդողանը:

Թուրք վարչապետը հայտարարել է, որ ապացույցներ կան գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և Գյուլենի շարժման միջև կապերի մասին: Էրդողանի խոսքով` արտասահմանյան ուժերը, օգտագործելով Թուրքիայի քաղաքական ուժերը, ցանկանում են խոչընդոտել երկրի տնտեսական զարգացումը:

 

«Չնայած Թուրքիայի դեմ նախաձեռնվող ամբողջ քարոզչությանն ու ջանքերին, Անկարան կվերացնի այդ բոլոր խոչընդոտները»,- ընդգծել է Էրդողանը: Նրա խոսքով` երկրում վերջին իրադարձությունները թանկ են նստել Թուրքիայի վրա:

 

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում` վարչապետի, նրա որդու, փեսայի և դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետևում կանգնած են «գյուլենական համայնքի» հետևորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ  Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում և մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ:



Սկզբնաղբյուրը՝ http://armenpress.am/arm/news/764377/turqian-aylevs-hexashrjumner----tuyl-chi-ta-erkrum.html

 

Նույն շարքից