Պաշտոնական Կիևը, Վարշավան և Վիլնյուսը համատեղ ռազմական բրիգադ ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը:
«Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև առկա է բանաձև` եռակողմ բրիգադ ստեղծելու վերաբերյալ»,- «Իտառ-տասս»-ի հաղորդմամբ` ասել է Կովալը` ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստի աշխատանքներից հետո:
Նրա խոսքով` ինքն արդեն խոսել է Լեհաստանի և Լիտվայի իր գործընկերների հետ: «Մենք պայմանավորվել ենք, որ բրիգադի ստեղծման պայմանագիրը կստորագրվի հունիսի 18-ին»,-ասել է Կովալը:
Եռակողմ բրիգադ ստեղծելու գաղափարը հնչեցվել է 2009 թվականի նոյեմբերին: Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները փաստաթուղթ էին ստորագրել, որով համատեղ բրիգադ ստեղծելու վերաբերյալ մտադրություն են հայտնել:
Լեհասատանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Տոմաշ Սեմոնյակի խոսքով` այդ բրիգադը կկարողանա մասնակցել իրավիճակի կայունացման առաքելություններին և օժանդակել Ուկրաինային` «բանակի կառուցման գործում»: