Տնտեսություն 

Սպայկայի 7 միլիարդ դրամն աճելու է. Դավիթ Անանյան

Ոչ միայն չի բացառվում, այլ նաև ես կարծում եմ, որ աճելու է: Մենք ունենք 3,5 տարի ժամանակաշրջանին առնչվող այդպիսի առերևույթ հանցագործություն պարունակող վարքագիծ, մենք այդ վարքագծի ժամանակագրական առումով միայն 30 տոկոսին առնչվող փաստաթղթեր ունենք, որոնց վերաբերյալ կատարել ենք հաշվարկներ: Թե ինչ ցույց կտան հաշվարկները, չեմ կարող ասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով Սպայկա ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի և այն մասին, որ ընկերությունը պետք է 7 միլիարդ վճարի:

Անանյանը նշել է, որ այս պահին ՊԵԿ նախագահը կամ վարչապետն այնքան էլ  իրավասու չեն հանրությանը տեղեկատվություն ներկայացնելու, քանի որ արդեն իրավական գործընթաց է գնում, ամենակարևոր մարդը քննություն իրականացնող քննիչն է. «Նա է դատողություններ անում, մասնագետների հետ հաշվարկներ անում: Եթե քննիչը գտնում է, որ տնօրենի ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը, այդպիսի միջնորդությամբ գնում է դատարան: Իրավական գործընթաց է ընթանում, դրա մասով ՊԵԿ նախագահն ու վարչապետը գնահատականներ չեն կարող տալ: Բոլորս կախված ենք քննիչի որոշումներից: Ես կարծում եմ, որ թույլատրելիության շրջանակներում ասացի այն, ինչ իրավունք ունեի»:

Ավտոմաքսակետը Գյումրի տեղափոխելու մասով վարչապետի հանձնարարականի վերաբերյալ Անանյանն ասել է, որ քննարկելու են հարցը և իրենց տեսակետը հայտնելու վարչապետին:

 

Նույն շարքից