Խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բինյամին Նեթանյահուի Լիքուդ կուսակցության հաղթանակից հետո Իսրայելի նոր կառավարությունը կարող է լինել պատմության մեջ ամենաաջականը: Այս մասին գրում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը:
Պարբերականը գրում է, որ այսօր գոյություն ունեցող կառավարությունն արդեն իսկ համարվում էր ամենաաջականը պատմության մեջ, սակայն նոր ձևավորվելիք կառավարությունը, որի մաս են կազմելու մի քանի աջ ծայրահեղական ուժեր, որդեգրելու է ավելի աջական կուրս:
Süddeutsche Zeitung-ը ենթադրում է, որ դրա արդյունքում արաբ փոքրամասնության նկատմամբ ճնշումը կշարունակվի և կաճի: Պարբերականը հատկապես կոչ է անում ուշադրություն դարձնել Նեթանյահուի նախընտրական խոստման վրա, որը վերաբերում է Իսրայելին Հորդանան գետի Արևմտյան ափի մասերը միացնելուն, ինչը մահացու հարված կլինի «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» կոնցեպցիային:
Պարբերականը գրում է, որ նախընտրական պայքարի ժամանակ վարչապետ Նեթանյահուն արդեն բաժանել է հասարակությունը տարբեր մասերի «Ահա այն ժառանգությունը, որը նա թողնելու է իրենից հետո՝ անկախ այն բանից, թե որքան կղեկավարի երկիրը»: