Աբխազիայում գործում են քաղաքական վեց կուսակցություններ, որոնք թեկնածու առաջադրելու իրավունք ունեն արտահերթ նախագահական ընտրություններում. դրանք պլանավորված Է անցկացնել օգոստոսի 24-ին:
«Դրանք են՝ «Միասնական Աբխազիա» կուսակցությունը (առաջնորդը՝ նախկին փոխվարչապետ Դաուր Տարբան), «Ժողովրդական միասնության համաժողովը» (առանջորդը՝ Ռաուլ Խաջիմբան), Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը (առաջնորդը՝ Բեսլան Բուտբան), Աբխազիայի կոմունիստական կուսակցությունը (առաջնորդը՝ Լև Շամբան), Աբխազիայի ժողովրդական կուսակցությունը (առաջնորդը՝ Յակուբ Լակոբան) և «Ամցախարա» հանրապետական քաղաքական կուսակցությունը, որը պաշտպանում Է Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբին (առաջնորդը՝ Գարիկ Սամանբան)»,-նշել են արդարադատության նախարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել են Աբխազիայի ԿԸՀ-ում, այն կուսակցությունները, որոնց գրանցման հինգ ամիսը դեռ չի լրացել, ընտրություններին չեն մասնակցում: Նախագահի թեկնածու կարող են առաջադրել ոչ միայն կուսակցությունները, այլև նախաձեռնող խմբերը. թեկնածուների գրանցումն սկսվելու Է հունիսի 25-ին և ավարտվելու Է հուլիսի 14-ին: Նախագահի ընտրությունների վերաբերյալ օրենքով հանրապետության ղեկավարի պաշտոնի թեկնածուն պետք Է լինի 35-ից բարձր և 65-ից ցածր տարիքի աբխազ: Բացի այդ, նա պետք Է աբխազերեն լեզվի իմացության թեստ անցնի:
Առայժմ իշխանության ներկայացուցիչներից և ընդդիմադիրներից ոչ ոք չի հայտնել իր նախագահական հավակնությունների մասին: Ընդդիմության առաջնորդներ Սերգեյ Շամբան և Ռաուլ Խաջիմբան ավելի վաղ հայտնել են, որ չեն պատրաստվում իրենց թեկնածությունն առաջադրել ընտրություններում: Նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան նույնպես հրաժարվել Է մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին: Տեսականորեն իր թեկնածությունը կարող Է առաջադրել նաև նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը: