Եվրոպական Միությունը շարունակում է աշխատանքները Ռուսաստանի դեմ նպատակային պատժամիջոցների իրականացման հարցում: Այս մասին Բրյուսելում «յոթնյակի» բաց հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
Ռոմպեյի խոսքով` Ռուսաստանի նկատմամբ նոր նպատակային պատժամիջոցների կիրառման առաջարկությունների վերաբերյալ աշխատանքների իրականացումը հանձնարարված է Եվրահանձնաժողովին և Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայությանը: «Մենք համաձայնության ենք եկել նաև այս հարցում հետագա քայլերի իրականացման հարցում, եթե դա պահանջի իրադարձությունների զարգացումը»,- ասել է Ռոմպեյը:
Նա նշել է, որ, կախված իրավիճակի գնահատման տեսանկյունից և նպատակահարմարությունից, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կիրականացվեն կանոնավոր կերպով: «Ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակից` կշարունակվի արդյոք ապակայունացումը, թե ոչ: Այս փուլում մենք կարծում ենք, որ մենք ունենք որոշ քաղաքական-դիվանագիտական հնարավորություններ` պարզելու համար պատրաստ է Ռուսաստանը երկխոսություն սկսել Կիևի հետ և դադարեցնել Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը:
«Յոթնյակի» հանդիպման հիմնական թեմաները, որին մասնակցում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան, Ուկրաինայում տիրող իրավիճակն է և Ռուսաստանի հետ հարաբերությունները: