ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր հուշերի գրքում պատմել է նախագահ Բարաք Օբամայի հետ տարաձայնությունների մասին. լինելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նա համաձայն չի եղել սիրիացի ապստամբներին չզինելու Սպիտակ տան որոշմանը և առաջարկում էր վերացնել Կուբայի դեմ սահմանված առևտրական շրջափակումը:
Քլինթոնի Hard Choices («Դժվարին այլընտրանքներ») նոր գիրքը լույս կտեսնի հունիսի 10-ին, բայց CBS հեռուստաալիքի և Associated Press գործակալության լրագրողների տրամադրության տակ արդեն կան դրա առանձին հատվածներ:
«Իմ լիազորությունների ավարտին ես խորհուրդ տվեցի նախագահ Օբամային վերանայել բռնարգելքի հարցը: Այդ միջոցը իր նպատակին չէր հասնում և խանգարում էր Լատինական Ամերիկայում գործողությունների մեր ավելի լայն ծրագրին»,- գրում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նախկին ղեկավարը:
Նաև Քլինթոնը հայտնում է, որ հանդես էր գալիս հօգուտ այն բանի, որ ԱՄՆ-ը սկսի զինել Սիրիայում գործող չափավոր ապստամբներին: «Նախագահը նախընտրեց հետևել նախկին ուղեգծին և կտրուկ քայլեր չանել: Ոչ ոք չի սիրում պարտվել վեճերում և ես բացառություն չեմ»,- հայտարարում է Քլինթոնը գրքում:
Հիլարի Քլինթոնը համարվում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը 2016 թվականի ընտրություններում: Մայիսի կեսերին Ipsos սոցիոլոգիական ընկերությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի հարցված քաղաքացիների մեծամասնությունը Քլինթոնին համարում է այդ նախագահական ընտրությունների հավանական հաղթողը: 66-ամյա նախկին պետքարտուղարն առայժմ չի հաստատել, որ պայքարելու է ԱՄՆ-ի բարձրագույն պաշտոնի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: