Տնտեսություն 

Նման շեղումը, այն էլ՝ վարչապետի հայտարարություններում, նորմալ չէ. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում աշխատատեղերի փակման վերաբերյալ խոսակցությունների պակաս չկա, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում երբեմն-երբեմն հայտարարելու մի քանի տասնյակ հազարով աշխատատեղերի ավելացման մասին։ Սա շատերի մոտ գուցե տարակուսանք է առաջացնում, բայց փաստն այն է, որ այդպես էլ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցված աշխատատեղերի քանակը Հայաստանում իսկապես 51 հազարով ավելացել է։

Այլ հարց, որ մեծ մասը եղել է ոչ թե իշխանափոխությունից հետո, այլ իշխանափոխությանը նախորդած երեք ամիսներին` փետրվար-մարտ-ապրիլին։

Մինչ մանրամասներին անդրադառնալը` նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում գտնվելով Ստրասբուրգում՝ Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում երկու տարբեր թվեր հնչեցրեց Հայաստանում ստեղծված աշխատատեղերի վերաբերյալ. մի դեպքում հայտարարվեց 10 ամսում 50 հազարով, մյուս դեպքում` 51 հազարով աշխատատեղերի ավելացման մասին։

Խնդիրն ամենևին այն չէ, որ նույն բանի մասին Նիկոլ Փաշինյանը երկու տարբեր թվեր է ասում։ Նման շեղումը, այն էլ՝ վարչապետի հայտարարություններում, անշուշտ, նորմալ չէ։

Ամեն դեպքում համարենք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։ Վերջին հաշվով, դրանից շատ բան չի փոխվում։ Բայց եթե խոսքն այն թվերի մասին է, որոնք հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը, ապա պատկերը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսի տպավորություն փորձում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը։ Իշխանափոխությանը հաջորդած շրջանում աշխատատեղերը Հայաստանում իսկապես ավելացել են, բայց ոչ այնքան, որքան ասում է վարչապետը։

Ընդհակառակը` այս տարվա սկզբին դրանք բավական կտրուկ պակասել են. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ հայտարարագրված աշխատատեղերի թիվը նվազել է գրեթե 25 հազարով։

Հասկանալի է, որ վարչապետը սրա մասին չի խոսում։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդպես է եղել։ Եվ դա արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։ Ըստ այդմ, 2019թ. հունվարին Հայաստանում հայտարարագրված է եղել շուրջ 560,6 հազար աշխատատեղ, մինչդեռ`2018թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը գերազանցել է 585,3 հազարը։

Ստացվում է, որ մեկ ամսվա տարբերությամբ՝ աշխատատեղերը գրեթե 25 հազարով կրճատվել են»:

 

Նույն շարքից