Միջազգային 

ԱԺ նախագահը ներկա գտնվեց Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացմանը

analitik.am

Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում ներկա գտնվեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նշենք, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը՝ «Россия сегодня», ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի, ՌԴ Պետական դումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ: Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության եւ ինտեգրման նոր ձեւաչափ հետխորհրդային երկրների երիտասարդների համար: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 200 երիտասարդ Հայաստանից, ԱՊՀ-ից, Բալթյան երկրներից եւ Վրաստանից:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, համոզմունք հայտնեց, որ այս ձեւաչափը կնպաստի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկմանը եւ դրանց նպատակային ու համակարգված իրականացմանը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երիտասարդական կառույցները կենսունակ են այսօր եւ այդպիսին կլինեն նաեւ ապագայում, դրանք ոչ միայն շփման, կրթվելու միջոց են, այլեւ տեղեկացվածության բարձրացման արդյունավետ գործիք: Պարոն Սահակյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովում մեծ թիվ են կազմում երիտասարդ պատգամավորները, գործում է նաեւ Երիտասարդական խորհրդարան, որը, խորհրդարանի ղեկավարի կարծիքով, կարող է արդյունավետ օղակ հանդիսանալ երիտասարդական կառույցների միջեւ սերտ համագործակցության համար: Նա կարեւորեց երիտասարդների մասնակցությունը տարածաշրջանային ինտեգրման տարբեր գործընթացներին, քանզի նրանք են վաղվա քաղաքական գործիչներն ու որոշում կայացնողները: ««Երիտասարդ Եվրասիա» խորագիրը կրող այս համաժողովը հնարավորություն է տալու եվրասիական ինտեգրումը դիտարկել ձեր՝ երիտասարդների աչքերով եւ վեր հանել այն խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, որ ունի այս գործընթացը: Մենք՝ բոլորս, միեւնույն գիտաշմակութային կրթական ժառանգության կրողն ենք, ինչը կարող է եվրասիական ինտեգրման զարգացման համար կարեւոր գործոն հանդիսանալ»,- ասաց պարոն Սահակյանը: Նա ընդգծեց, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների սթափ վերլուծությունը հաստատում է այն իրողությունը, որ մարտահրավերներին միայնակ դիմակայելն իրատեսական չէ: Ակնհայտ է, որ ինտեգրման գործընթացներում երկրների ներգրավման հեռանկարն այլընտրանք չունի: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի կապերի ամրապնդմանը, տեղեկատվական դաշտի ձեւավորմանն ու համագործակցության խորացմանը: Ավարտելով խոսքը՝ Գալուստ Սահակյանը համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք եւ հաճելի օրեր Հայաստանում:

 

Համաժողովի մասնակից երիտասարդներին ողջունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ու ներկայացրեց ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը: Երիտասարդներին ողջունեցին եւ արդյունավետ աշխատանք մաղթեցին նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը, ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինը եւ ուրիշներ:

 

Համաժողովի մեկնարկն ազդարարվեց ՀՀ եւ ՌԴ պետական օրհներգերի հնչյունների ներքո: 

Նույն շարքից