Միջազգային 

ՀԱՊԿ-ից մեր ցանկությունն է` միացյալ գործողություններ ակնկալել նաև մեր տարածաշրջանում. ՀՀ ՊՆ

analitik.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի վերջին նիստի ժամանակ կարևոր փաստաթղթեր են ընդունվել, որոնք վերաբերում են պաշտպանական ընդհանուր մեխանիզմների ձևավորմանը: Այս մասին խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցմանն ի պատասխան` նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ-երկրներում անվտանգության վիճակի վերլուծություն միշտ էլ կատարվում է, և այդ գործում մեծ դերակատարում ունեն ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, միացյալ շտաբը և ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան զինվորականները: «Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ եղել է առաջնեկներից մեկը, որը, հաշվի առնելով մեր իրավիճակը, միշտ կանգնած է ռազմական բաղադրիչների զարգացման ակունքներում, քանի որ ՀԱՊԿ-ից մեր ցանկությունն այն է, որ միացյալ գործողություններ ակնկալենք նաև մեր տարածաշրջանում»,- ասաց նախարարը:


Հարցին ի պատասխան, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը պատշաճ ձևով բարձրաձայնում է իր անվտանգության խնդիրների մասին` պաշտպանության նախարարը նշեց. «Ընդհանուր առմամբ, հավաքական ուժերն ավելի մեծ գործողությունների համար են: Ես չեմ կարծում, որ յուրաքանչյուր կրակոցի կամ հրադարարի խախտման համար ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի: Ինչ վերաբերում է ընթացիկ քննարկումներին, դրանք լինում են: Կան մարդիկ, որոնք այս կամ այն տեսակետն ունեն ու այս կամ այն հատվածն են պաշտպանում: Մեր խնդիրն էլ կայանում է նրանում, որ առաջ տանենք հավաքական ուժերի ընդունած այն որոշումներն ու գործողությունները և այն խնդիրների լուծումը, որը մեզ է պետք` հաշվի առնելով այն, որ մենք ընդհանուր սահման չունենք մյուս երկրների հետ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

 

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունը: Կազմակերպությանն անդամակցում են. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը: Պայմանագրի համաձայն, մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:

Նույն շարքից